Գրականագետ, պրոֆեսոր
Ծնվել է 1904 թ. օգոստոսի 5-ին Վանում: 1914 թ. հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, այնուհետև՝ Կարս, ապա՝ Երևան: Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց:
1921 թ. ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը՝ ընդունվել և 1925 թ. ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը, 1932 թ.՝ Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը:
Խմբագրել է «Գրական դիրքերում» (1927 – 1930) և «Խորհրդային գրականություն» (1936-1937 թթ․) ամսագրերը, «Գրական թերթը» (1933-1934 թթ․): 1935-1937 թթ. եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ կուլտլուսբաժնի վարիչ:
1936 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1937 թ. հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր: Նույն թ. նոյեմբերի 9-ին ձերբակալվել է՝ մեղադրվելով հակահեղափոխական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու, մշակույթի և գրականության բնագավառում վնասակար աշխատանքներ կատարելու մեջ:
1940-1955 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում և ՀՊՄԻ-ում: Պարբերական մամուլում հրատարակել է գրականագիտական, քննադատական հոդվածներ՝ նվիրված խորհրդային գրականության տարաբնույթ հարցերի: Նրա գրական-քննադատական աշխատություններից են՝ «Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ» (Եր., 1928), «Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին» (Եր., 1934), «Եղիշե Չարենց» (Եր., 1954):
1940 թ. հունվարի 26-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Պատժի ժամկետը լրացել է նույն թվականի նոյեմբերի 11-ին, ուստի ազատվել է կալանքից: 1955 թ. գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Վախճանվել է 1955 թ. հուլիսի 12-ին Երևանում: