Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1922 թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1942 թ. ավարտել է ԵրՊԻ շինարարական մեխանիկայի ֆակուլտետը, 1946 թ.՝ ասպիրանտուրան:
1946 թ. պաշտպանել է թեկնածուական, 1952 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1953 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1965-ին՝ ակադեմիկոս:
1942-1948 թթ. դասավանդել է ԵրՊԻ-ում, 1948-ից՝ ԵՊՀ-ում: 1946-1955 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, փոխտնօրեն:
1955 թ. նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտը, որի տնօրենն էր 1959-1971 թթ.: 1971-1977 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, 1971-1974 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկատեխնիկական և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1977- 1991 թթ. լինելով ԵՊՀ ռեկտոր՝ մեծապես նպաստել է նաև հայագիտության զարգացմանը: Նրա նախաձեռնությամբ առանձին մատենաշարով լույս են տեսել հայ պատմագրության և գրականության կոթողային մի շարք գործեր:
1971-2011 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ (այժմ՝ ՀՀ ԳԱԱ) նախագահության անդամ, 2011-ից՝ նախագահության խորհրդական, 1992-ից՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն:
Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատությունների, որոնցում զարգացրել է դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի մի շարք առանցքային դրույթներ: Նա առաջինն է ձևակերպել անիզոտրոպ շերտավոր թաղանթների դասական տեսությունը ընդհանուր անիզոտրոպության դեպքում՝ առաջարկելով բարակապատ կառուցվածքների հաշվարկման արդյունավետ մոդել, հայտնաբերել անիզոտրոպ նյութից կազմված կամայական շերտավոր թաղանթների յուրահատկությունները:
Նրա «Անիզոտրոպ թաղանթների տեսություն» (ռուս., Մ., 1961) և «Անիզոտրոպ սալերի տեսություն» (ռուս., Մ., 1967) մենագրությունները հրատարակվել են նաև անգլերեն (ԱՄՆ, 1964, 1969) և ճապոներեն (1975): Նրա սալերի և թաղանթների ճշգրտված տեսությունների արդյունքներն ամփոփված են «Անիզոտրոպ թաղանթների ընդհանուր տեսություն» (ռուս., Մ., 1974) մենագրության մեջ, որը
1991 թ. հրատարակվել է ԱՄՆ -ում: 1999 թ. հրատարակել է «Թաղանթների և սալերի միկրոպոլյար տեսություն» մենագրությունը, որտեղ զարգացրել է գիտական նոր ուղղություն:
Նրա համահեղինակությամբ են հրատարակվել «Սալերի և թաղանթների մագնիսաառաձգականություն» (ռուս., Մ., 1977), «Բարակապատ առաձգական սալերի տատանումները և կայունությունը» (Եր., 1992), «Էլեկտրահաղորդիչ սալերը և թաղանթները մագնիսական դաշտում» (Եր., 1996), «Տարամոդուլ առաձգականության տեսություն» (ռուս., Մ., 1982) աշխատությունները, որոնցից վերջինը 1987 թ. հրատարակվել է Չինաստանում:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է 42 թեկնածուական և 11 դոկտորական ատենախոսություն:
Եղել է աշխարհի բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր, «Գլոբալ էներգիա» մրցանակ շնորհող միջազգային կոմիտեի, ԽՍՀՄ Լենինյան և Պետական մրցանակներ շնորհող կոմիտեների անդամ, 2003-ից՝ ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ, 2013-ից՝ Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
1985 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան», ՌԴ «Բարեկամություն», Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ», ՀՀ Տիգրան Մեծի, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով և Մխիթար Գոշի մեդալով:
1985 թ. նրան շնորհվել է «Գիտական ուսումնասիրությունների և բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար» ԵՊՀ մեդալ:
Վախճանվել է 2018 թ. օգոստոսի 4-ին Երևանում