17․07․2022
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի սիրելի՛ մասնակիցներ, հարգարժա՛ն հյուրեր,
ավարտվեց Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան, որը կենսաբանության ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթն է դպրոցականների համար։
Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր հյուրընկալել ձեզ մեր երկրում և նպաստել այս կարևոր միջոցառման կայացմանը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունը ներկայում:
Որպես գիտության ոլորտ՝ կենսաբանությունը մեզ օգնում է հասկանալ կենդանի աշխարհը և նրա բազմաթիվ տեսակների գործառույթները, զարգացումն ու փոխազդեցությունը: Ամբողջ կենսոլորտը հետազոտող այս բնագավառը հարուստ է մշակույթով ու ավանդույթներով, և հենց այս ոլորտն է հնարավորություն ստեղծում ճանաչելու բնությունը, վերափոխելու, պահպանելու, հարստացնելու և դարձնելու այն ավելի գեղեցիկ ու մարդու գոյատևման համար նպաստավոր։
Սիրելի՛ մասնակիցներ, անկախ մրցույթի անհատական արդյունքներից՝ ձեր մասնակցությունը վկայում է, որ դուք ուժեղագույններն եք աշխարհում։ Բացի դրանից, ձեր մասնակցությամբ դուք նաև ապացուցեցիք, որ ունեք բարձր պատասխանատվություն, վճռական կամք և արժեքավոր հմտություններ, որոնք օգնելու են ձեր հետագա գործունեության ժամանակ։
Ուզում եմ, որ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք օլիմպիադայի՝ այս տարվա խորհրդանիշին, որում պատկերված է արագիլ։ Այն խորհրդանշում է հարգանքը ծնողների նկատմամբ։ Ըստ հին ավանդության՝ արագիլը սնունդ է հասցնում ծնողներին, երբ նրանք այլևս չեն կարողանում իրենց մասին հոգ տանել։ Այս խորհրդանիշը ցույց է տալիս մեր այն համոզումը, որ ինչպես արագիլների, այնպես էլ մեր դեպքում յուրաքանչյուր սերնդի պարտականությունն է շարունակել իր նախնիների ավանդույթները, հոգ տանել նրանց թողած արժեքավոր ժառանգության մասին:
2020 թվականի կորոնավիրուսային հիվանդության համաճարակը ցույց տվեց, որ տվյալների արագ վերլուծությունը և ուսումնասիրությունը շատ ավելի արդյունավետ են դրա տարածումը կանխելու համար։ Բացառված չէ, որ ապագայում ի հայտ կգան նոր հիվանդություններ, և այդ ժամանակ արդեն, վստահ եմ, որ դուք կաջակցեք դրանց կանխարգելմանն ու ձեր նոր բացահայտումներով կփրկեք հազարավոր կյանքեր՝ այդկերպ դրսևորելով ձեր հարգանքն ամբողջ մարդկության նկատմամբ։ Այժմ այդ հարգանքը դուք պետք է ցույց տաք՝ է՛լ ավելի լավ սովորելով ու ձգտելով գիտության մեջ ձեր խոսքն ասելու։
Սիրելի՛ մասնակիցներ, այս ընթացքում դուք նաև շրջեցիք Հայաստանով, այցելեցիք պատմամշակութային վայրեր, ինչ-որ չափով ծանոթացաք մեր մշակույթին ու սովորույթներին։ Ես հուսով եմ, որ այստեղից ձեզ հետ ջերմ ու անմոռանալի հիշողություններ, գեղեցիկ տպավորություններ ու նոր գիտելիքներ եք տանում։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր միջոցառման կազմակերպիչներին, հովանավորներին ու աջակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ԵՊՀ աշխատակիցներին, ինչպես նաև «Team Telecom Armenia»-ին՝ ի դեմս ընկերության տնօրեն Հայկ Եսայանի, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել՝ լավագույնս կազմակերպելու այս միջոցառումը։
Ես հավատում եմ, որ մեր բոլոր մասնակիցներն իրենց հետագա գործունեությամբ աշխարհն ավելի լավն են դարձնելու և ապահովելու են մեր մոլորակում կյանքի հավերժության անխափան ընթացքը։
Ելույթի ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝ https://www.facebook.com։