Նոյեմբերի 19, 2014 թ.
Ծրագրի նպատակը և խնդիրները
- Ամրապնդել բուհ-աշխատաշուկա փոխգործակցությունը,
- ստեղծել և զարգացնել միջբուհական համագործակցություն պետական այլ բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների հետ,
- ուսանողներին և վերջին տարիների շրջանավարտներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և մարտահրավերներին,
- աշխատանք փնտրող ուսանողներին և շրջանավարտներին աջակցել՝ կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում,
- աջակցել աշխատանքի տոնավաճառին մասնակից կազմակերպություններին երիտասարդ մասնագետների համալրման հարցում:
Ներկայացվող ծրագրի արդիականությունը և համառոտ նկարագիրը
Ծրագիրն իր տեսակով և մասշտաբով եղել է առաջինը միջբուհական համագործակցության շրջանակում:
Հաշվի առնելով աշխատաշուկայում ներգրավվելու ներկայիս պայմանները՝ կենտրոնը կարևորում է նմանօրինակ տոնավաճառների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու բուհ-աշխատաշուկա համագործակցության մեջ:
Նմանատիպ ծրագրերի մշակումն ու իրականացումը միտված են ուսանողներին և վերջին տարիների շրջանավարտներին հնարավորություն ընձեռելու նախևառաջ ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:
Աշխատանքի տոնավաճառը այն հարթակն է, որտեղ աշխատանք առաջարկողն ու աշխատանք փնտրողը հնարավորություն են ունենում առերես հանդիպելու, նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու, այդ թվում նաև՝ հնարավորության դեպքում հետագա համագործակցության սկիզբը դնելու:
Ծրագիրն իրականացվել է 3 հիմնական փուլով`
I փուլ
- 2014 թ. մարտ-մայիս․ հանդիպումներ ՀՀ պետական բուհերի՝ կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների հետ,
- 2014 թ. մայիսի 26․ ԵՊՀ-ում համագործակցության հուշագրի ստորագրում Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների միջև։
II փուլ
- 2014 թ. հունիս-սեպտեմբեր․ հանդիպումների շարք համագործակցության հուշագիրը ստորագրած պետական բուհերի՝ կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների միջև,
- 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր․ նախատեսվող աշխատանքի տոնավաճառի վերաբերյալ հայաստանյան ձեռնարկություններին ծանուցում, աշխատանքի տոնավաճառին մասնակցության պայմանավորվածության ձեռքբերում,
- 2014 թ. նոյեմբեր․ աշխատանքային տոնավաճառի կազմակերպական աշխատանքների իրականացում։
III փուլ
- 2014 թ. նոյեմբերի 19․ «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառի մեկնարկ։
Տոնավաճառն ընթացել է մի քանի ուղղություններով։
- Յուրաքանչյուր գործատու անվճար հիմունքներով հատկացված տաղավարներում ներկայացրել է նյութեր ընկերության և առաջարկվող աշխատատեղերի, պրակտիկաների և տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ։ Հատկացված տարածքում ընկերությունները հնարավորություն են ունեցել նախնական հարցազրույցներ անցկացնելու թեկնածուների հետ, ինչպես նաև խորհրդատվություն մատուցելու աշխատանք փնտրողներին: Ծրագրին մասնակցել է հայաստանյան շուրջ 100 կազմակերպություն, եղել են հազարից ավելի այցելուներ, որոնց թվում՝ տարբեր բուհերից ուսանողներ և շրջանավարտներ։
- Աշխատանքային տոնավաճառի շրջանակում նույն օրը կայացել է «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցել են մի շարք ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու անձինք, պետական այրեր և նշված ոլորտում մասնագիտացած փորձագետներ։
- Ծրագրի շրջանակում ուսանողների համար կազմակերպվել են սեմինար-դասընթացներ՝ հետևյալ թեմաներով՝
- «Բարձրագույն կրթության հնարավորությունները «Էրազմուս+» ծրագրում»,
- «Ներքին աուդիտորի մասնագիտության ընձեռած հնարավորությունները»,
- «Որո՞նք են աշխատաշուկայում մրցունակ լինելու հիմնական կարողությունները»։
Ծրագրի թեմատիկ ծածկույթը
- Բուհ-աշխատաշուկա համագործակցություն,
- միջբուհական համագործակցություն,
- վերջին տարիների շրջանավարտների զբաղվածության խնդիրներ։
Համագործակցություն ծրագրի շրջանակում
Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել և իրականացվել է Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև սերտ համագործակցության շրջանակում: