ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Ա. Ս. Պուշկինի՝ «Ռուսական պոեզիայի արևի» 225-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական օլիմպիադայի մասնակիցների և հաղթողների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան՝ նշելով. «Յուրաքանչյուրն ունի Պուշկինի պոեզիայի իր ընկալումը: Ինձ համար Պուշկինի ստեղծագործությունների մեջ գլխավորը կյանքն ու լույս են։ Ամենամռայլ տեսարանների նկարագրության դեպքում անգամ նրա երկերում չի մարում հույսը։ Դա ստիպում է ապրել, առաջ շարժվել»:
Մինչ պարգևատրման արարողությունը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները Ռուս գրականության ամբիոնի դասախոս Վերա Ադամյանի ղեկավարությամբ կազմակերպած միջոցառման շրջանակում ներկայացրին բանաստեղծի կյանքը և մեզ հասած գրական ժառանգությունը, ինչպես նաև խոսեցին նրա մասին, թե ինչպես և երբ է հայ ընթերցողը բացահայտել Պուշկինին: Ուսանողները բնագրով, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ ասմունքեցին Պուշկինի բանաստեղծություններից, կատարեցին մեծ բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա գրված մի քանի ռոմանսներ:
Միջոցառմանը հաջորդեց օլիմպիադայի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը։ Օլիմպիադայի հայտերի թիվն այս տարի հսկայական էր (օլիմպիադային մասնակցել էին Հայաստանի 14 բուհերի ուսանողներ)։
Ժյուրին տարբեր անվանակարգերում ընտրեց 50 դափնեկիր։ Պարգևատրման արարողությանը միացել էին նաև գործընկերներ Մոսկվայից։ Պուշկինի անվան ինստիտուտի արտասահմանյան փորձուսուցման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վարվարա Ֆիլիպովան նշեց․ «Ես վաղուց գրագետ ռուսերեն գրված այս քանակությամբ աշխատանք չեմ ընթերցել։ Մեզ համար շատ դժվար էր ընտրել հաղթողներին, քանի որ յուրաքանչյուր աշխատանք արժանի էր բարձր գնահատականի»։
Օլիմպիադայի հաղթողները վեցն էին՝ երեքը ոչ մասնագիտական և երեքը՝ բանասիրական ֆակուլտետներից։ Նվերներից և պատվոգրերից բացի՝ ապագա բանասերները հնարավորություն ստացան Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում փորձուսուցում անցնելու։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կցորդ Դենիս Նազարովը, Հայաստանում Ռուսական տան փոխտնօրեն Վիկտորյա Դերեպասկոն, ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների միության գործադիր տնօրեն Վաղարշակ Մադոյանը։