- Main
- Node
- «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
December 22, 2022 | 19:57
Կրթություն
Հասարակություն
«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԿԱՊԻՏԱԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբերի 22-ին ԵՊՀ-ում կայացավ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին նվիրված քննարկում, որի ընթացքում Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի տնօրեն Սվետլանա Լավրովան ներկայացրեց ռուսաստանյան փորձի առանձնահատկությունները, իսկ ԱԺ-ում շրջանառվող օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը ներկայացրեց օրենքի առանձնահատկությունները և այն ակնկալիքները, որ հայաստանյան կրթական, գիտական, սպորտային, մշակութային և այլ հաստատություններ կարող են ունենալ նման հիմնադրամներից։
Քննարկման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով վերոնշյալ հիմնադրամների գործունեությունը և դրանց վերաբերող օրենքի դրույթների քննարկումը, մատնանշեց փորձի փոխանակման այսօրինակ հնարավորության դերը։ Ռեկտորի խոսքով՝ օրենքը կարևոր է ընդհանուր առմամբ՝ բուհական համակարգի և մասնավորապես Երևանի պետական համալսարանի համար: Նա փաստեց, որ օրենքն արդեն իսկ շրջանառվում է, և հնարավոր է՝ քննարկման արդյունքում ի հայտ եկած նոր գաղափարները ներկայացվեն որպես առաջարկներ՝ օրենքում լրացումներ կատարելու համար:
Այնուհետև զեկուցումներ ներկայացրին Սանկտ Պետերբուրգում եվրոպական համալսարանի էնդաումենթ («Endowment») ֆոնդի տնօրեն, ՌԴ «Էնդաումենթների ազգային ասոցիացիայի» խորհրդի նախագահ Սվետլանա Լավրովան և «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» մայր օրենքի նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանը։
Սվետլանա Լավրովան, խոսելով համալսարանների զարգացման ծրագրերի մասին, կարևորեց անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների դերակատարումը հատկապես այդ ծրագրերի իրագործման տեսանկյունից: Նա նշեց, որ անձեռնմխելի կապիտալը տնտեսության մեջ առկա երկարատև ներդրումներից մեկն է։
Ս. Լավրովան իր ելույթում անդրադարձավ Ռուսաստանում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների կազմակերպման ընթացքին, եկամուտների աճի հիմնական միտումներին, ստացված ֆինանսական ռեսուրսների կառավարման ընթացքին, ինչպես նաև ամերիկյան կրթական համակարգում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների առանձնահատկություններին։
Արտակ Մանուկյանը, որն ակտիվորեն ներգրավված է եղել շրջանառվող օրենքի ստեղծման գործընթանցում, հավաստեց, որ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի գործոնը ֆինանսական անկախությունն է և գործունեության պլանավորման հորիզոնի մեծությունը:
Արտակ Մանուկյանը, ներկայացնելով օրենքի նախագծի առանձնահատկությունները, նշեց, որ Հայաստանում անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ինստիտուտի ներդրումը կարող է հսկայական դեր ու ազդեցություն ունենալ կրթական, սպորտային, մշակութային և այլ հաստատությունների ֆինանսական անկախության և կայունության վրա, ներկայացրեց օրենքի մշակման ընթացքում ուսումնասիրված միջազգային փորձը, ինչպես նաև հիմնադրամների ստեղծմամբ դրանց շահառու կազմակերպություններին տրվող հնարավորությունները։
Միջոցառմանը հրավիրված բուhերի, նախարարությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու զեկուցողներին և ներկայացնելու իրենց մոտեցումները։