- Main
- Node
- «ԱՆԹԵՐԻ ԵՍ ՈՒԺԵՂԻ ՔՈ ԴԵՐՈՒՄ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ԵՐԳԻ ՄԱՍԻՆ
July 27, 2018 | 15:54
Հասարակություն
«ԱՆԹԵՐԻ ԵՍ ՈՒԺԵՂԻ ՔՈ ԴԵՐՈՒՄ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՆՈՐ ԵՐԳԻ ՄԱՍԻՆ
Անիկ Մարգարյանը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ զուգահեռաբար աշխատելով նաև ֆակուլտետի դեկանատում՝ որպես Քաղաքագիտություն և Հանրային կառավարում բաժինների գործավար:
Վերջերս Անիկը սոցիալական ցանցերում հրապարակեց իր հեղինակած նոր երգը՝ «Դու»-ն, որը միանգամից տարածվեց ընկերների կողմից և դատելով մեկնաբանություններից՝ նաև սիրվեց: Մեզ հետ զրույցում Անիկը պատմել է երգի ստեղծման և հետագա պլանների մասին:
Արդեն երկու տարի կլինի, ինչ ԵՊՀ ասպիրանտը ստեղծագործում է: Գրել է ավելի քան 30 երգեր: Մեզ հետ զրույցում Անիկը պատմեց, որ նախկինում միայն երաժշտություն էր գրում, բայց այդ ժամանակ կիսատության զգացում ուներ, կարծես թե ինչ-որ բան պակասում էր:
«Մի օր էլ հեռուստատեսությամբ երգահանների մրցույթի գովազդն աչքովս ընկավ, սկսեցի մտածել, թե ինչու երգ չեմ ստեղծում: Այդպես, հենց հաջորդ օրը նստեցի դաշնամուրի դիմաց ու իմ առաջին երգը գրեցի: Ընկերներս շատ հավանեցին, բայց ես մտածեցի՝ երևի չեն ուզում նեղացնել ինձ (ժպտում է): Հետո շարունակեցի երգեր գրել, բայց միայն ինձ համար: Երբեմն «Facebook»-ում էի հրապարակում»,- պատմում է Անիկը:
«Դու»-ն հենց այն երգն էր, որը նա ցանկացավ պրոֆեսիոնալ ձայնագրելուց հետո միայն հրապարակել ու ներկայացնել. «Այն շատ հարազատ երգ դարձավ ինձ համար: Դրանից առաջ միշտ վերացական կերպարների կամ երևույթների մասին եմ երգեր գրել, իսկ այս երգը կոնկրետ մեկին նվիրված ու այդ մեկի մասին պատմող երգ է: Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ լսել է երգը, թե չէ»:
«Ինձ շատ էին հարցնում, թե ինչու չեմ փորձում ձայնագրվել պրոֆեսիոնալ ստուդիաներում և հրապարակել երգերս: Բայց միշտ լուրջ չեմ վերաբերվել, սակայն տեսնելով, թե ինչ մեծ արձագանք ստացավ «Դու» երգը, ինչքան տարածվեց, արդեն մտածում եմ երկրորդ երգի մասին: Անգամ ընտրել եմ, թե որն է լինելու հաջորդը: «Դու» երգի գործիքավորումն իրականացրել է Խաչատուր Մարգարյանը, ում հետ աշխատելն ինձ այնքան ոգևորեց, որ սկսել եմ մտածել երգարվեստով լուրջ զբաղվելու մասին»,- ասաց Անիկը:
Ստեղծագործելու համար, ըստ նրա, ստեղծագործական ներշնչանքի առկայությունը պարտադիր է. «Մուսայի մասին, որ պատմում են, ճիշտ է, այն լեգենդ չէ (ժպտում է): Ոգեշնչման աղբյուր ունենալու դեպքում այնքան արագ եմ ստեղծագործում, որ ես էլ եմ զարմանում: «Դու» երգը գրել եմ 10 րոպեում: Ցանկացած բան կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ՝ բնությունը, ֆիլմը, երաժշտությունը, մի խոսքով՝ ամեն ինչ: Ստեղծագործողի համար շատ կարևոր է այդ աղբյուրի գոյությունը»:
Մեզ հետ զրույցում Անիկը պատմեց, որ դպրոցական տարիներին ինքն է ծնողներին խնդրել, որ իրեն դաշնամուրի դասերի տանեն, բայց մի քանի տարի անց կիսատ է թողել ու որոշել ինքնուրույն կատարելագործվել:
Անիկը լսում է ցանկացած ժանրի ու ոճի երաժշտություն, բայց նրա պատկերացմամբ՝ երաժշտությունը պետք է լինի մինիմալիզմի մեջ, մի գործիքի կատարմամբ, այդ պատճառով էլ նրա ստեղծած երգերը հենց այդ ոճի մեջ են: Ոլորտի մասնագետների կողմից քննադատություններ դեռ չի լսել, բայց շատ է ուզում, որ խորհուրդներով իրեն օգնեն:
«Երևի միշտ վախեցել եմ պրոֆեսիոնալներին ներկայացնել ստեղծագործություններս՝ մտածելով, որ հաստատ նրանց դուր չեն գա: Մի անգամ միայն երգերիցս մեկն ուղարկել եմ Գարիկ Պապոյանին ու խնդրել, որ իր կարծիքն ասի: Նա շատ կարևոր դիտարկումներ էր արել, որոնք հետագա ստեղծագործություններում շատ են օգնել ինձ: Հատկապես «Դու» երգը գրելիս հաշվի եմ առել խորհուրդները»,- պատմում է Անիկը:
Երաժշտական ոլորտում հետագա գործունեություն իրականացնելու համար Անիկն արդեն առաջարկներ ունի, որոնց մասին կմտածի, բայց հաստատ է, որ կշարունակի ստեղծագործել:
Ստորև առաջարկում ենք լսել Անիկ Մարգարյանի «Դու» երգը՝
Քնար Միսակյան