- Main
- Node
- «ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՊՀ ՏՏ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ». ՍԱՄՎԵԼ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ
September 26, 2018 | 13:25
Գիտություն
«ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՊՀ ՏՏ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ». ՍԱՄՎԵԼ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի «Մշակման, ուսումնառության և կանխատեսման մեթոդների հաշվարկների բաշխված մոդելներում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային ֆինանսավորման:
Գիտական թեմայի ղեկավարը զրույցի սկզբում հստակեցրեց, որ արդի միջավայրերը պետք է ապահովեն տրամադրվող ծառայությունների ճկունություն, կայացնեն որոշումներ անորոշության պայմաններում, լինեն գիտելիքահեն և ինքնաուսուցվող:
«Հաշվի առնելով դիտարկվող խնդիրների բարդությունը՝ առաջարկվող նախագծում ենթադրվում է լայնորեն օգտագործել արհեստական բանականության մեթոդները՝ գիտելիքների ներկայացման, ոչ հստակ տրամաբանության և ինքնաուսուցման շեշտադրմամբ»,- ասաց պրոֆեսորը:
Շուքուրյանը ծանոթացրեց կատարվելիք հետազոտությունների ընթացքին և իրականացման եղանակներին. «Հետազոտությունները կկատարվեն հետևյալ ուղղություններով՝ բազմաժապավեն ավտոմատների վերլուծություն, ոչ հստակ տեղեկատվության մշակում, գիտելիքների ներկայացում և ղեկավարում, ներկառուցված թեստային լուծումներ բյուրեղի վրա տեղադրված համակարգերի համար, որոնց իրականացման համար ենթադրվում է օգտագործել ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տեխնիկական և ծրագրային միջոցները»:
Սամվել Շուքուրյանը փաստեց, որ մեծ տվյալների կոնցեպցիան համեմատաբար նոր է և իր մեջ ներառում է տվյալների աճող դերը մարդկային գործունեության բոլոր բնագավառներում՝ սկսած հետազոտություններից մինչև բիզնեսի ինովացիոն զարգացումներ:
Պրոֆեսորը կետ առ կետ առանձնացրեց գիտական թեմայի նպատակները. «Նախ կատարելու ենք օնթոլոգիական մոդելի կառուցում, որը կոնցեպտուալ սխեմայի օգնությամբ հնարավորություն կտա ֆորմալիզացնելու որոշակի առարկայական տիրույթի գիտելիքներ: Ենթադրվում է առաջարկել մեծ տվյալների ինտեգրում ՝ հիմքում ունենալով մեքենայական ուսումնառության և օնթոլոգիայի կոնցեպցիաները, ինչպես նաև կատարելու ենք բնական լեզվից կառուցվածքային հարցումների գեներացում՝ հիմնվելով նեյրոնային ցանցերի կոնցեպցիայի վրա»:
Սամվել Շուքուրյանի «Մշակման, ուսումնառության և կանխատեսման մեթոդների հաշվարկների բաշխված մոդելներում» գիտական թեմայի հետազոտական խմբի անդամներն են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ Արմեն Կոստանյանը և Մանուկ Մանուկյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Գուրգեն Հարությունյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի ասպիրանտ՝Գրիգոր Ճաղարյանը, որոնց արգասավոր աշխատանքի շնորհիվ գիտական թեման կունենա ցանկալի արդյունք.
Ըստ Սամվել Շուքուրյանի՝ կատարած հետազոտությունների արդյունքները փորձարկելու համար տեսական արդյունքները կունենան թեորեմների, պնդումների և ալգորիթմների տեսք:
Անգին Խաչատրյան