- Main
- Node
- Հայաստանի առաջին հանրապետություն․ պատմություն, արվեստ, մշակույթ
October 05, 2018 | 14:09
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Հայաստանի առաջին հանրապետություն․ պատմություն, արվեստ, մշակույթ
Պատմության ֆակուլտետը կազմակերպել է գիտաժողով
Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ ԵՊՀ 6-րդ մասնաշենքում տեղի ունեցավ «Հայաստանի առաջին հանրապետություն․ պատմություն, արվեստ, մշակույթ» ֆակուլտետային գիտաժողովը։ Գիտաժողովը նախագահում էին Պատմության ֆակուլտետի փոխդեկան, պ․գ․թ․, դոցենտ Վահագն Հակոբյանը և Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանը։
Ողջույնի խոսքով դիմելով գիտաժողովի մասնակիցներին և բոլոր ներկաներին՝ պարոն Հակոբյանը կարևորեց Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ այս նախաձեռնությունը և նշեց, որ, ճիշտ է, Առաջին հանրապետության պատմության շատ դրվագներ պարզաբանված են, բայց քիչ չեն նաև հանգամանալի ուսումնասիրության կարիք ունեցող հարցերը։ Պարոն Մալխասյանն էլ հավելեց, որ ինքը, լինելով երիտասարդ գիտնական և ՈՒԳԸ նախկին ղեկավար, լավ է հասկանում այն հնարավորությունները, որոնք նմանատիպ գիտաժողովներն ընձեռում են գիտության ճանապարհը բռնած երիտասարդներին։
Գիտաժողովի մասնակիցների ուսումնասիրության առարկաները և կատարած հարցադրումները բազմազան էին՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից և Բաթումի պայմանագրից մինչև Հանրապետության անկում, պետությունում ժողովրդավարական գործընթացներից մինչև Հայաստանում պառլամենտարիստական համակարգի առանձնահատկություններ, հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև բանակաշինություն և դրանում տեղ գտած բացթողումներ։
Գիտաժողովի ավարտին համանախագահողները շնորհակալություն հայտնեցին գիտաժողովի պատշաճ կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր զեկուցողներին հանձնեցին մասնակցության հավաստագրեր և ՈՒԳԸ հոդվածների ժողովածուներ՝ մաղթանքով, որ իրենց զեկուցումները ևս հաղթահարեն մասնագիտական դիտարկման փուլը և տեղ գտնեն ՈՒԳԸ հերթական ժողովածուում։
Հեղինակ՝ Արգամ Համբարձումյան