- Main
- Node
- Լոռու մարզի զբոսաշրջության եվ հանքարդյունաբերության հեռանկարները
May 21, 2019 | 14:33
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Լոռու մարզի զբոսաշրջության եվ հանքարդյունաբերության հեռանկարները
Մայիսի 7-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՎՊՀ ՈՒԳԸ համագործակցության արդյունքում տեղի ունեցավ «Լոռու մարզի զբոսաշրջության և հանքարդյունաբերության հեռանկարները» խորագրով համաժողովը:
Համաժողովին ներկա էին ՎՊՀ ուսանողները և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շուրջ 30 ուսանողներ: ԵՊՀ ուսանողներին ՎՊՀ էր ուղեկցել սերվիս ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյանը: Համաժողովի ընթացքում իրենց զեկուցումներով հանդես եկան Շահանե Ադամյանը, Դիանա Թադևոսյանը (Կայուն զբոսաշրջություն, 3-րդ կուրս)՝ «Լոռու մարզում զբոսաշրջության առկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով: Ուսանողուհիների զեկուցումից հետո ակտիվ քննարկում սկսվեց 2 բուհերի ուսանողների միջև: Մտքերի փոխանակության արդյունքում ուսանողները ցանկություն հայտնեցին նմանատիպ հանդիպումներն ու համագործակցությունները շարունակական դարձնել, որպեսզի ի կատար ածվեն նախատեսվող ծրագրերը՝ մարզում զբոսաշրջային գործունեությունն ակտիվացնելու և զարգացնելու նպատակով: Քանի որ մարզն օժտված է թե բնական և թե պատմամշակութային հարուստ ռեսուրսներով, երիտասարդների նորարարական տուր փաթեթների առաջարկներն իրականացնելը մեծ հնարավորություններ կարող է ստանալ: Անդրանիկ Բեժանյանն (Երկրաֆիզիկայի ամբիոն, 4-րդ կուրս) ու Գագիկ Մաշինյանը (Oգտակար հանածոների հետախուզման և որոնման ամբիոն, 4-րդ կուրս) իրենց զեկույցում, այն է՝ «Լոռու մարզի հանքարդյունաբերությունը», նշեցին, որ մարզի ընդերքը, հարուստ լինելով օգտակար հանածոներով, հիմք է հանդիսացել հանքարդյունաբերական ոլորտի ստեղծման համար: Այսօր մարզում առկա են շահագործվող բազմաթիվ հանքեր, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մարզի էկոլոգիական միջավայրի վրա, այնուամենայնիվ հանքերի շահագործման ամբողջական բացառումը ևս ընդունելի տարբերակ չէ: Համաժողովի ավարտին ուսանողները շրջայց ունեցան ՎՊՀ-ում, ծանոթացան բուհի կառուցվածքին և հույս հայտնեցին հյուրընկալել նրանց այս անգամ մայր բուհում: Համաժողովի ավարտից հետո խումբն այցելեց Ստեփանավանի Դենդրոպարկ, իսկ այնուհետև Լոռի բերդ: Մարզի այս հայտնի զբոսաշրջային դեստինացիաների ուսումնասիրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ Լոռին ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները զբոսաշրջության ոլորտում առաջատար մարզ դառնալու համար:
Հեղինակ՝ Վեներա Ատլուկյան