Երևանի պետական համալսարանի և ամերիկյան «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության համագործակցության շրջանակում ս․թ․ մարտի 11-ից մեկնարկել է 9-շաբաթյա դասընթացների շարք՝ «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» թեմայով։
Դասընթացը նախատեսված է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսանողների և շրջանավարտների համար։ Այն հնարավորություն է ստեղծում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլև հետագայում կազմակերպությունում աշխատանքի անցնելու տեսանկյունից։
Դասընթացի շրջանակում քննարկվում են՝
● մոլեկուլային և բջջային կենսաբանության այն թեմաները, որոնք այսօր լայնորեն կիրառվում են բժշկության մեջ,
● ժամանակակից անհատականացված ուռուցքաբանության ոլորտում գրանցված հաջողությունները,
● ոլորտի հեռանկարային և զարգացող ուղղությունները,
● անհատականացված ուռուցքաբանական տվյալների բազաները, տեղեկատվական աղբյուրները, չափանիշները և այլն։
Դասընթացավարները «BostonGene» ընկերության «Ճշգրիտ ուռուցքաբանություն» բաժանմունքի առաջատար մասնագետներն են։
Նշենք, որ դասընթացների շարքն անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և Կենսաբանության ֆակուլտետի ու Ֆարմացիայի ինստիտուտի աջակցությամբ։