ԵՊՀ ուսանողները հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։
ՀՀ պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը, նույն վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը և գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը ԵՊՀ ուսանողներին են ներկայացրել պետական պարտքի կառավարման գործառույթները։
Ըստ նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի՝ այս հանդիպման հիմնական նպատակն էր գտնել այնպիսի ուսանողների, որոնք հնարավորություն կունենան աշխատանքային գործունեություն ծավալելու նախարարությունում։
«Մենք նպատակ ունենք ուսանողների և ՀՀ ֆինանսների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ այսօրինակ հանդիպումների միջոցով ցույց տալ ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև աջակցել ուսանողներին մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի տեղավորման հարցերում»,- ասաց Կ. Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցեր են հղել բանախոսներին:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները համալսարան են այցելում ԵՊՀ-ի և նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում։