
Data Science in Business
Master's programme

«Տվյալների գիտությունը բիզնեսում» (Data Science for Business) մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ այս մագիստրոսական ծրագրում և մեկ տարի էլ շարունակելով Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ։
Կրթական ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ստեղծել է այնպիսի միջգիտակարգային ծրագիր, որը կպատրաստի մրցունակ, միջազգային կրթության որակներին համապատասխան մասնագետներ, որոնք կներկայացնեն միանգամից երեք ոլորտ՝ մաթեմատիկա, ծրագրավորում և բիզնես վերլուծություն։ Միևնույն ժամանակ ծրագիրը կենտրոնացած է բիզնես գործընթացներում այդ գիտելիքների պրակտիկ կիրառությունների վրա և չի տրամադրում զուտ տեսական գիտելիք։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ակադեմիական և նորարարական կրթությունների ակտիվ համագործակցության վառ օրինակ է, որը նախատեսված է նոր սերնդի տվյալների վրա հիմնված և նորարարությանը միտված մասնագետների վերապատրաստման համար, որոնք կարող են որպես տվյալագետներ աշխատել խոշոր տվյալների նոր էկոհամակարգերում, բիզնես, հաճախորդների վարքագծային վերլուծության, տվյալների նախագծման, կառուցման, մոդելավորման և կառավարման ոլորտներում:
Այս կրթական ծրագիրն ուսանողներին ներգրավում է ինտենսիվ ուսուցման մեջ, տալիս է ոլորտի փորձագետների հետ աշխատելու գործնական, աշխատանքային փորձ և պարզապես չի լրացնում ունեցած ակադեմիական գիտելիքները, այլ սովորեցնում է ճիշտ օգտագործել ծրագրում ստացած կիրառական գիտելիքները։
Կրթական ծրագրի ուսանողները մրցունակ մասնագետներ են այսօրվա աշխատաշուկայում: Նրանք իրենց ստացած արդիական գիտելիքներով դարձել են աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության կարևոր մասնիկ` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով Python, R, Java, SQL ծրագրավորման լեզուները, հեշտությամբ բիզնես որոշումներ են կայացնում՝ օգտագործելով տվյալների գիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մեթոդները:
ՏԳԲ կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են ՏՏ առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ՀՀ կառավարությունում, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։
