ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի երջանկահիշատակ դասախոս, անվանի լեզվաբան Աշոտ Աբրահամյանի «Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրության շնորհանդեսը։ Միջոցառման ժամանակ լեզվաբանի գործընկերները, ընկերներն ու հարազատները ներկայացրին Ա․ Աբրահամյանի գիտամանկավարժական ուղին, համաշխարհային լեզվաբանական մտքի զարգացմանն ուղղված նրա հետազոտություններն ու անգնահատելի ներդրումը։
«Իրականություն, լեզվագիտակցություն, նշան» մենագրությունը ներկայացված է երեք բաժիններով, որոնցից առաջինում քննված են լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակային միավորները` նվազագույնից մինչև առավելագույնը, սակայն դրանց քննությունը հեռու է ավանդական լեզվաբանության մեջ ընդունված զուտ կառուցվածքային եղանակից: Բոլոր միավորներն անխտիր վեր են հանված իմաստասիրական հիմնավորումներով և նշանագիտական, այսինքն` դիալեկտիկական մեթոդաբանությամբ:
Երկրորդ բաժինը, որն արդեն զուտ լեզվական գործունեության նշանասերման գնահատումներ պարունակող ուսումնասիրություն է, որտեղ լեզուն դիտարկվում է թե՛ արտաքին իրականության, թե՛ ներքին համակարգի, թե՛ խոսքային հոսքագծի շերտերով, ըստ էության օրինաչափությունների նուրբ բացահայտման ինքնատիպ զննության արդյունք է` իրականացված արտաքին աշխարհի և լեզվական հորինվածքի նույնականության սկզբունքով և անհրաժեշտ տարբերությունների վերհանմամբ:
Երրորդ բաժինը դրվագներ է պարունակում լեզվաբանության պատմությունից` խարսխված մեր մի քանի երախտավորների արժեքավոր հետազոտությունների վրա:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Արշալույս Գալստյանը, ներկայացնելով Աշոտ Աբրահամյանի՝ որպես սիրված դասախոսի և ականավոր գիտնականի կերպարը, նշեց, որ այս գրքի լույսընծայումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն գիտնականի ուսումնասիրությունները ի մի հավաքելու և գիտական հանրույթին ներկայացնելու, այլև Ա․ Աբրահամյանի՝ սիրելի դասախոսի ու գործընկերոջ ավանդը ըստ արժանվույն գնահատելու առումով։
Ա․ Գալստյանը, շնորհակալություն հայտնելով գրքի ստեղծման գաղափարի շուրջ միավորված մտավորականներին, հույս հայտնեց, որ գիրքը կծառայի իր նպատակին՝ օժանդակելով թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին լեզվաբանական հետազոտություններ կատարելիս։
ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, ներկայացնելով Ա․ Աբրահամյանի գործունեությունը և հրատարակված գրքի կարևոր նշանակությունը, ասաց․ «Աշոտ Աբրահամյանը հայ մտավոր իրականության մեջ հայտնի էր (և է՛) իր մասնագիտական իմացության առաջնակարգությամբ: Նա որքան լեզվաբան էր, նույնքան էլ փիլիսոփա և նշանագետ: Թե՛ մարդկային լեզուն, թե՛ հայերենն ուսումնասիրելիս նա հետազոտման առարկան անցկացնում էր նշանների բովով` հասնելով փիլիսոփայական խոր իմաստավորման: Ուրախալի է, որ թեկուզ հետմահու հնարավորություն ենք ունենալու մեր սեղանին տեսնելու արժանավոր լեզվաբանի պատրաստի գիրքը, որը, ավաղ, հեղինակը չհասցրեց հրատարակել»։
Պրոֆեսորը փաստեց, որ Աշոտ Աբրահամյանի այս աշխատությունը, բացի կուռ և բարդ գիտականությունից, արժեքավոր է նաև իր շարադրանքով, աբրահամյանական ինքնատիպ լեզվով:
«Մենագրության լույս աշխարհ գալը մեծ նվեր է ոչ միայն մասնագետների, Աշոտ Աբրահամյանի գործընկերների համար, այլև ուսանողության, որի համար, իր բարդությամբ հանդերձ, այս գիրքը դասագրքային արժեք կունենա, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում լեզվանշանագիտությանը վերաբերող ամբողջական ուսումնասիրությունները խիստ սակավ են»,- հավելեց Ա․ Աբաջյանը։
Ձեռագրերի հիման վրա գիրքը կազմել և խմբագրել է Վանաձորի պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ․ Դավիթ Գյուլզատյանը, որը քաջատեղյակ է Ա. Աբրահամյանի տեսությանը, ինչպես նաև ժամանակին նրա ունեցած գիտական հետաքրքրությունների շրջանակին: Դ․ Գյուլզատյանը, վերհիշելով լեզվաբանի հետ կապված մի շարք հետաքրքիր դրվագներ, փաստեց, որ գիրքն առաջ է քաշում կարևոր հարցադրումներ և ունի ավանդական լեզվաբանության տեսություններից տարբերվող գիտական հարուստ բովանդակություն։
Դոցենտը նշեց, որ Աշոտ Աբրահամյանը եղել է ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքը ստեղծագործաբար յուրացնողը, և որ Աբրահամյանը լեզվական հորինվածքը քննել է արտալեզվական իրականությունից մինչև խոսքային իրացման ողջ բոլորակն ընդգրկող տրամաբանական տարածությամբ։
Գիտնականի անցած ուղին և նրա հետ կապված հիշարժան պահեր վերհիշեցին հանրապետության այլ լեզվաբաններ, որոնց թվում՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, լեզվաբան, փիլիսոփա Ռոբերտ Սանթրոսյանը, ԵՊՀ դոցենտ Վարդան Պետրոսյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը և այլք։