Ս․ թ․ նոյեմբերի 8-10-ը տեղի ունեցավ հոբելյանական գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։ Եռօրյա գիտաժողովի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում։
Նոյեմբերի 9-ի նիստը կայացավ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մեծ դահլիճում. այն վարում էր Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։
Նիստին մասնակցում էին ոչ միայն գիտնականի կրտսեր գործընկերները, աշխատակիցներն ու մտերիմները, այլև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Արշալույս Գալստյանը, որն ընդգծեց Էդվարդ Ջրբաշյանի մեծագույն վաստակը XX դարի երկրորդ կեսի խորհրդահայ գրականագիտության կայացման և զարգացման գործում, նրա գիտական ժառանգությունը նորովի արժևորելու կարևորությունը գրականագետների նոր սերնդի դաստիարակության և ուսուցման մեջ։
Պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը կարևորեց այն լայն մտահորիզոնը, որը բնորոշ էր Ջրբաշյանին՝ իբրև գրականագետի, միութենական գիտական լայն հանրության հետ նրա կապերը, որոնք հնարավորություն էին տալիս միջազգային մակարդակի բարձրացնելու հայ գրականագիտական միտքը, հարստացնելու այն տեսական և գրական-պատմական նոր մոտեցումներով։
Հնչեցին հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներ։ Պրոֆեսոր Սամվել Մուրադյանն իր զեկուցման մեջ ընդգծեց Ջրբաշյանի ավանդը իսահակյանագիտության մեջ և ներկայացրեց մեծ բանաստեղծին նվիրված նրա գիտական հոդվածների բացառիկ արժեքը՝ հատկապես կարևորելով «Աբու-Լալա Մահարի» պոեմի քնարական հերոսի մեկնությանը նվիրված նրա աշխատությունը։
Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սեյրան Գրիգորյանն իր զեկուցման մեջ, որը վերնագրված էր «Հատվածի ժանրը Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի պոեզիայում», ներկայացրեց գրական-պատմական ուշագրավ փաստեր. 1918 թ. Ե. Չարենցը տպագրում է «Հատված» վերնագրով մի ստեղծագործություն՝ քաղաքացիություն տալով «հատված» կոչվող բանաստեղծական ժանրին, որը հայ պոեզիա էր ներմուծել Վ. Տերյանն իր «Ոսկի հեքիաթ» շարքի նույն վերնագրով մի բանաստեղծությամբ։ Գրականագետն ընդգծեց, որ բանաստեղծության առեղծվածին և հատկապես նրա ժանրային բնույթին տերյանագիտության մեջ ամենաշատը մոտեցել է ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը, որի դրույթներն էլ ընկած են իր զեկուցման հիմքում։
Բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը ներկայացրեց Գ․ Սունդուկյանի «Վարինկի վեչեր» պատմվածքին նվիրված Ջրբաշյանի արժեքավոր հոդվածը, դրա տեղը և դերը սունդուկյանագիտության մեջ։
Նիստի վերջին հատվածում իրենց զեկուցումներով հանդես եկան երիտասարդ գրականագետներ և ուսանողներ Գոհար Վահանյանը (Ե. Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող), Թովմաս Չարլզ Տողրամաճյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող), Էլեն Գրիգորյանը (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի), որոնց զեկուցումները նույնպես կառուցված էին Ջրբաշյանի գրականագիտական մի շարք դրույթների համատեքստում։
Եռօրյա գիտաժողովի վերջին երկու նիստերը և փակումը տեղի ունեցան նոյեմբերի 10-ին ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։