Ծնվել է 1929 թ. հունիսի 14-ին Կահիրեում, 1947 թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը և նույն տարում ընտանիքով տեղափոխվել Խորհրդային Հայաստան: 1953 թ. ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, 1962 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1974 թ.՝ դոկտորական ատենախոսություններ, 1965 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1977 թ.՝ պրոֆեսորի կոչումներ:
1953 թ.-ից աշխատել է ԵՊՀ ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնում որպես ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, 1976-2000 թթ.՝ ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պոլիմերային պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար: 2011 թ.-ից անցել է վաստակած հանգստի:
Գիտական հետազոտություններն ընթացել են մի շարք հիմնարար ուղղություններով. լուծույթներում պերօքսիդների մասնակցությամբ ընթացող ռեակցիաների կինետիկան և մեխանիզմը, պերօքսիդ-ամին համակարգով հարուցված ռադիկալային պոլիմերման օրինաչափությունները էմուլսիայում, փոքր չափաբաժինների ճառագայթային քիմիա, կոնդեսված միջավայրի լազերային քիմիա, ջրածնի պերօքսիդի քայքայման օրինաչափությունների ուսումնասիրումը հողերում և բնական ջրերում, ՀՀ որոշակի տեսակի հողերի կատալազային և ֆոսֆատազային ակտիվության ուսումնասիրում կինետիկական եղանակով, էկոլոգիական քիմիայի հետ կապված որոշ պրոբլեմների ուսումնասիրում, շրջված միջֆազային կատալիզ: Ստացված արդյունքների մի մասը ներդրվել է արտադրության մեջ:
Հեղինակ է ավելի քան 700 գիտական հոդվածի, 30 հեղինակային արտոնագրի և երկհատոր դասագրքերի՝ «Քիմիական կինետիկա» (Եր., 1978, 1980), «Ֆիզիկական քիմիա» (Եր., 2016), համահեղինակ է «Էկոլոգիան և ժամանակակից քիմիան» (Եր., 1986), «Քիմիայի խնդիրների լուծումներ» (Եր., 1984), «Քիմիայի շտեմարան» (Եր., 1998) գրքերի:
Հանրապետական մամուլում բազմաթիվ հոդվածներով անդրադարձել է ՀՀ գիտության և կրթության խնդիրներին: Գործուն մասնակցություն է ունեցել սփյուռքի հետ համագործակցությանը: Եղել է մի շարք գիտխորհուրդների անդամ:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 52 և դոկտորական 7 ատենախոսություն:
Արժանացել է պարգևների և կոչումների՝ պատվոգրեր և շնորհակալագրեր, Աշխատանքային արիության համար մեդալ (1970), ԵՊՀ ոսկե մեդալ (1999, 2000), «Տարվա մարդ» (1998, 2008, 2009, 2011 ԱՄՆ ամերիկյան կենսագրական ինստիտուտ), «2012 տարվա միջազգային գիտնական» (Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոն): Եղել է ՀՀ ՃԳԱ (2010), ԷՄԱ (1996), ՌԴ բնական ԳԱ Հայաստանի բաժանմունքի (1998), Ամերիկյան քիմիական ընկերության անդամ (2012), ԵՊՀ ֆիզքիմիայի ամբիոնի պատվավոր վարիչ (2001):
Ցավով ենք հայտնում, Երևանի պետական համալսարանի երկարամյա վաստակաշատ դասախոսն իր մահկանացուն է կնքել 2023 թվականի մայիսի 26-ին:
Գիտնականի և մանկավարժի չխամրող հմայքի, գեղագիտական նուրբ ճաշակի, գրականության ու մշակույթի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ Դուք վայելել եք Ձեր գործընկերների, ուսանողների և ընդհանրապես Ձեզ ճանաչողների սերն ու հարգանքը: Եվ այդպիսին էլ կմնաք մեր հիշողության մեջ: