Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
Master's programme
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հոգեբան-խորհրդատուներ, որոնք կարող են կատարել հետազոտական, հոգեխորհրդատվական և հոգեկրթական աշխատանք կրթական, առողջապահական հաստատություններում, սոցիալական աջակցության ոլորտում, ինչպես նաև զարգացնել ուսանողների կարողությունները՝ անհատական և խմբային հոգեթերապևտիկ աշխատանք կատարելու համար։
Առավելությունները
Կրթական ծրագրի հիմքում ընկած են միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները, մասնավորապես Միացյալ թագավորության որակի ապահովման գործակալության «Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա» ծրագրի կողմնորոշիչները (Counselling and Psychotherapy, Subject Benchmark Statement, UK’s Quality Assurance Agency) և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի խորհրդատվական հոգեբանության միության ծրագրային կողմնորոշիչները (Council of Counseling Psychology Training Programs, Counseling Psychology Core Competencies):
Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել առաջատար բուհերի հավատարմագրված կրթական ծրագրերը (Կանադայի The University of British Columbia (MA in Counseling Psychology), ԱՄՆ-ի University of Minnesota (MA in Counseling Psychology), Ռուսաստանի НИУ ВШЭ (մագիստրոսական ծրագիր՝ «Консультативная психология»), Санкт-Петербургский государственный университет (մագիստրոսական ծրագիր՝ «Психология личности»), МПГУ (մագիստրոսական ծրագիր՝ «Психологическое консультирование»):
2014-2016 թվականներին «PICASA_TEMPUS» ծրագրի շրջանակում «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի կրթական վերջարդյունքները և դասավանդման, ուսումնառության մեթոդները վերանայվել են միջազգայնացման սկզբունքների և չափանիշների համաձայն, մասնավորապես Ռոհեմպտոն համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետ համագործակցության արդյունքում:
Մագիստրոսական թեզերի պատրաստման շրջանակում մագիստրանտներն օգտվում են «Անձ և սոցիալական միջավայր» գ/հ լաբորատորիայի ընձեռած հնարավորություններից:
Մասնագիտական պրակտիկայի շրջանակում ուսանողներն օգտվում են նաև Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիայի հնարավորություններից։ Ուսանողներն անցնում են հատուկ ծրագիր, որը հնարավորություն է տալիս կատարելու հոգեխորհրդատվական անհատական և/կամ խմբային աշխատանք ԵՊՀ-ի այլ ուսանողների հետ։ Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ գործնական դասընթացներ, անհատական և խմբային սուպերվիզիա, անհատական և/կամ խմբային խորհրդատվություն։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
«Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել որպես հոգեբան-խորհրդատու հոգեբանական կենտրոններում, խնամքի և պաշտպանության, ցերեկային կենտրոններում, բժշկական և վերականգնողական հաստատություններում, բուհերի՝ ուսանողների հետ տարվող ծառայություններում, գիտակրթական կենտրոններում որպես հոգեբան-հետազոտող, բիզնես կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող անհատական խորհրդատու, ինչպես նաև կատարել մասնավոր խորհրդատվական աշխատանք:
Ծրագրի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են «Կենաց ծառ» հոգեբանական կենտրոնում, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում, «Ուղեկից» հոգեբանական կենտրոնում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում, Անանիա Շիրակացու գիտակրթական համալիրում։
Contacts
Հեռ.՝ (+374 60) 710 638
Էլհասցե՝ persona@ysu.am