Պատմաբան, հրապարակախոս, պրոֆեսոր
Ծնվել է 1860 թ. ապրիլի 14-ին Շուշիում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի թեմական և գավառական դպրոցներում: Հոր մահից հետո, հնարավորություն չունենալով շարունակելու ուսումը, անցել է աշխատանքի:
Լեոն իր գրական աշխատանքներն սկսել է 1870-ականների վերջերից: Տասնամյակներ շարունակ աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Մուրճ», «Հորիզոն», «Տարազ» և այլ թերթերի ու հանդեսների: Նա գրել է պատմվածքներ, վեպեր, վիպակներ, իր ուժերը փորձել թատերգության ասպարեզում:
1924 թ. Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա Թիֆլիսից եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթաց: Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և Հ. Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը:
ԵՊՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը գիտական մակարդակի վրա դնելու գործում Հ. Մանանդյանի, Մ. Աբեղյանի, Հր. Աճառյանի և ուրիշների հետ միասին մեծ երախտիք ունի նաև Լեոն:
1925 թ. Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930 թ.-ից` ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ:
Մեծ է Լեոյի վաստակը հայ հասարակական մտքի, հայ գրականության ու մշակույթի պատմության ուսումնասիրության բնագավառում: Նա առաջինն էր, որ հանգամանորեն ուսումնասիրեց հայ հասարակական մտքի ականավոր ներկայացուցիչներ Ստեփանոս Նազարյանցի և Գրիգոր Արծրունու կյանքն ու գործունեությունը, փորձեց ցույց տալ նրանց տեղն ու դերը հասարակական-քաղաքական և մտավոր զարգացման ասպարեզում:
Առավել արժեքավոր են վաստակաշատ գիտնականի պատմագիտական աշխատությունները: Բազմամյա աշխատանքի արդյունք է նրա՝ փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված «Հայոց պատմությունը»: Ստվարածավալ այս աշխատության առաջին հատորը (Թիֆլիս, 1917) նվիրված է Հայաստանի հին շրջանի պատմությանը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև 5-րդ դար, երկրորդ հատորում (Եր., 1947) շարադրված է 5-11-րդ դարերի պատմությունը, երրորդ հատորում (Եր., 1946) լուսաբանվում է հայ ժողովրդի վիճակը 16-18-րդ դարերում:
Լեոն առաջին պատմաբաններից էր, որ ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանների պատմության ուսումնասիրությանը՝ հայ ազատագրական շարժումների, Հայկական հարցի, Առաջին համաշխարհային պատերազմի և հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ կապված հարցերին:
Նրա երկերի ժողովածուն 10 հատորով հրատարակվել է 1966-1987 թթ.:
Լեոն վախճանվել է 1932 թ. սեպտեմբերի 14-ին Երևանում:
Լեոյի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում: