Մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1924 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1926 թ.` Երևանի արդյունաբերական տեխնիկումը և ընդունվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետ: Չորրորդ կուրսից փոխադրվել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1930 թ.:
1929-1934 թթ. Ա. Շահինյանն աշխատել է ԵՊՀ-ում սկզբում որպես մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտի և ամբիոնի վարիչի պաշտոնակատար: 1929 թ. համատեղությամբ աշխատել է նաև ԵրՊԻում: 1934-1937 թթ. նա սովորել է Լենինգրադի պետական համալսարանին առընթեր մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1939 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1938-1944 թթ. եղել է ԵՊՀ բարձրագույն երկրաչափության ամբիոնի վարիչ, 1939-1942 թթ.՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան: 1944 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և մինչև 1978 թ. եղել մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ: 1945 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1945 թ. Ա. Շահինյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1947 թ.՝ ակադեմիկոս:
1945-1950 թթ. նա ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորի վարիչն էր, 1955-1959 թթ.՝ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրենը, 1950-1963 թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը:
Ա. Շահինյանը հեղինակ է գիտական բազմաթիվ աշխատությունների, այդ թվում` «Մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում» (Եր., 1960), «Անալիտիկ ֆունկցիաների տեսություն» (Եր., 1969), «Բարձրագույն մաթեմատիկայի ներածություն» (Եր., 1970) և այլ մենագրությունների: Նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը:
Նա հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի հիմնադիրն է: 1965 թ. հիմնադրել է նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը, որը 1986-ից անվանակոչվել է Ա. Շահինյանի անվամբ:
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Եղել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի VII և VIII գումարումների պատգամավոր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով:
Ա. Շահինյանը վախճանվել է 1978 թ. մայիսի 14-ին Երևանում:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում: