Բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1910 թ. հունիսի 10-ին Շուշիում: 1929-1930 թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1932 թ. ավարտել է Թիֆլիսի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը:
1943 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1944 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1945 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թ.` ակադեմիկոս, 1966 թ.՝ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1972-ին՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:
1932–1935 թթ. եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտաշխատող, 1935–1943 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1938–1948 թթ.՝ ԵՊՀ մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ, 1943 թ.՝ ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէաբանության բաժնի վարիչ, 1944–1948 թթ.՝ նաև ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, 1949–1961 թթ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր, 1951–1954 թթ.՝ նույն համալսարանի կենսաբանության և հողագիտության ֆակուլտետի դեկան, 1954–1977 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ, 1977–1986 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի ֆլորայի, կարգաբանության և էվոլյուցիայի բաժնի վարիչ, 1977–1986 թթ.՝ նաև նույն ինստիտուտի տնօրեն, 1986-ից՝ տնօրինության խորհրդական:
Հեղինակ է շուրջ 400 աշխատության, այդ թվում 20 մենագրության, որոնք հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Առավել կարևոր են «Высшие растения» (М., 1956), «Die Evolution der Angiospermen» (Yena, 1959), «Система и филогения цветковых растений» (М., 1966), «Flowering Plants: Origin and Dispersal» (Edinburgh, 1969), «Floristic Regions of the World» (California, 1986) և այլն:
Ա. Թախտաջյանի խմբագրությամբ հրատարակվել են «Красная книга СССР», «Жизнь растений», «Флора Армении» և բազմահատոր այլ աշխատություններ ու բազմաթիվ տեղեկագրեր:
Ա. Թախտաջյանը 20-րդ դ. մեծագույն բուսաբաններից է և նշանակալի դեր է խաղացել Հայաստանում և Ռուսաստանում բուսաբանական գիտության մի շարք ճյուղերի զարգացման ու կայացման ուղղությամբ: Նա իրավամբ համարվում է բարձրակարգ բույսերի ֆիլոգենիայի խոշորագույն մասնագետ:
Ա. Թախտաջյանը մի շարք երկրների (ՌԳ, ԱՄՆ, Գերմանիա, Նորվեգիա և այլն) ակադեմիաների իսկական անդամ է: Նա եղել է «Ботанический журнал» ամսագրի գլխավոր խմբագիր:
Ա. Թախտաջյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1967), Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումների, ԽՍՀՄ պետական մրցանակի (1981), պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1975), ժողովուրդների բարեկամության շքանշաններով, բազմաթիվ մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1947):
Վախճանվել է 2009 թ. նոյեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: