Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1918 թ. սեպտեմբերի 11-ին Երևանում: 1936 թ. ավարտել է թիվ 23 միջնակարգ դպրոցը, 1941 թ.՝ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1945 թ.՝ ասպիրանտուրան:
1945 թ. պաշտպանել է թեկնածուական, 1949 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1950 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1953 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1956 թ.՝ ակադեմիկոս:
1943-ից դասավանդել է ԵՊՀ-ում: 1957-1959 թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական, ապա՝ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994 թթ.՝ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ:
1945-ից աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ-ում. 1955-1971 թթ. եղել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ, 1971-1989 թթ.՝ տնօրեն, 1966-ից՝ ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր, «Մաթեմատիկա» հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիր: 1963-1973 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1973-1978 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ:
Հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների: Նրա ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալային ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ:
Կարևոր գիտական աշխատություններից են «Интегральные преобразования и представления функций в комплексной области» (М., 1966), «Классы и граничные свойства функций мероморфных в круге» (М., 1993),«Harmonic analysis and boundary value problems in the complex domain» (Շվեյցարիա, 1993) մենագրությունները:
Մեծ ավանդ ունի 1940-50-ականներին ձևավորված հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման ու զարգացման գործում:
1964 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով:
Վախճանվել է 1994 թ. մայիսի 6-ին Երևանում:
Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 25/1 շենքի տարածքում կանգնեցված է հուշասյուն: