Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1907 թ. հոկտեմբերի 9-ին Վանում: Մեծ եղեռնից մազապուրծ բազմաթիվ հայերի հետ 1919 թ. Մ. Մկրյանը հանգրվանել է Երևանում: Ավարտելով Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը՝ մեկնել է Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) և աշխատել որպես ուսուցիչ: Մեկ տարի անց ընդունվել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետ:
1930 թ. ավարտելով համալսարանը` Մ. Մկրյանն ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: 1933-ից զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ: 1939 թ. պաշտպանել է թեկնածուական, 1945 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1946 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1941-1947 թթ. և 1957-1976 թթ. Մ. Մկրյանը եղել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, 1954-1980 թթ.՝ հայ գրականության ամբիոնի վարիչ, 1947-1953-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն:
1938 թ. Երևանում տպագրվել է նրա կազմած «XIII-XVIII դդ. հայ աշխարհիկ գրականությունը» ժողովածուն, որի ընդարձակ առաջաբանում նա նոր մոտեցումով է արժևորել Ֆրիկի, Կոստանդին Երզնկացու, Քուչակի, Սայաթ-Նովայի և այլոց ստեղծագործությունները: «Գրիգոր Նարեկացի» մենագրության մեջ (Եր., 1955) Մ. Մկրյանը նորովի է բացահայտել հանճարեղ մտածողի ստեղծագործության ազգային ու համամարդկային արժեքը: Նրա գրչին են պատկանում «Էջեր հայ վիպասանության պատմությունից» (Եր., 1957), «Մովսես Խորենացի. կյանքն ու ստեղծագործությունը» (Եր., 1970), «Իսահակյանի հումանիզմը» (Եր., 1975), «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը» (Եր., 1981) մենագրությունները:
Մ. Մկրյանը հեղինակ է նաև բուհական և դպրոցական դասագրքերի` «Հայ հին գրականության պատմություն (V-X դարեր)» (երկու հատորով, Եր., 1976), «Հայ գրականություն» հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի համար (ունեցել է 12 հրատարակություն):
Մ. Մկրյանը զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և համամիութենական գիտաժողովներում: Նրա աշխատությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն և այլ լեզուներով:
1961 թ. Մ. Մկրյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
Վախճանվել է 1983 թ. հոկտեմբերի 26-ին Երևանում: