Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1947 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1949 թ.՝ ասպիրանտուրան: Նույն թվականին գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման ներկայացված նրա ատենախոսությունը մասնագիտական խորհուրդը գնահատել է որպես դոկտորական և նրան շնորհել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1951 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1953 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1956 թ.՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1956 – 1960 թթ. եղել է ԵրՄՄԳՀԻ հիմնադիր տնօրեն: 1962 – 1965 և 1971 – 1979 թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը: 1963 – 1971 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ և ԽՍՀՄ ԳԱ Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ, 1971 – 1974 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ: 1972 – 1979 թթ. ղեկավարել է ԵՊՀ թվային անալիզի ամբիոնը, 1979 – 1982 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը: 1982 – 1986 թթ. եղել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր:
Հետազոտություններն ընդգրկում են ժամանակակից անալիզի մի շարք բնագավառներ: Հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության բնագավառում: Իր ստեղծած նոր մեթոդով սպառիչ պատասխան է տվել կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու հնարավորության պրոբլեմին:
Մեծ ավանդ ունի միջազգային ճանաչում ստացած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման և հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի հիմնադրման ու զարգացման գործում:
Համահեղինակ է «Некоторые вопросы конструктивной теорий функций» (М., 1951), «Советская математическая школа» (М., 1967) մենագրությունների:
1952 թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ:
1959 – 1963 և 1971 – 1975 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2008) շքանշաններով:
Վախճանվել է 2008 թ. օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ), աճյունն ամփոփված է Մոսկվայում: