Փիլիսոփա, գրականագետ, պրոֆեսոր, հասարակական գործիչ
Ծնվել է 1886 թ. հունվարի 7-ին Շուշիում: Ավարտել է տեղի ռեալական դպրոցը և 1906 թ. մեկնել Գերմանիա, որտեղ մինչև 1913 թ. ուսանել է Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, իսկ այնուհետև՝ Լայպցիգի, Ցյուրիխի և Հայդելբերգի համալսարաններում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որպես ռուսահպատակ, մեկուսացվել է ռազմագերիների ճամբարում, որտեղից ազատվել է 1918 թ.: Գերմանիայում եղած տարիներին մասնակցել է «Սպարտակ Բունդե» կազմակերպության գործունեությանը: Վերադառնալով հայրենիք` վարել է կուսակցական ու վարչական մի շարք պաշտոններ. եղել է «Կոմունիստ» թերթի (ռուս.) խմբագիր, Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) կուսակցական գավկոմի բաժնի վարիչ, իսկ 1924 թ. ընտրվել է ՀԿԿ կենտկոմի անդամ, նշանակվել բաժնի վարիչ և «Կոմունիստ», «Վերելք» հանդեսների խմբագիր: 1920-30-ականներին նա հաճախակի հանդես է եկել դասական և նորագույն գրականության առնչությունների մասին հոդվածներով ու ելույթներով:
1923 թ. Հ. Գյուլիքևխյանը հրավիրվել է ԵՊՀ, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի: 1924-1927 թթ. եղել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1929 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1932 թ. նշանակվել է մարքսիզմ-լենինիզմի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտի, իսկ հետագայում` Հայաստանի պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն: 1939-1943 թթ. եղել է ԱրմՖԱՆ-ի, 1943-1947 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ կյանքի վերջին տարիներին դասավանդել է ռուսական մանկավարժական ինստիտուտում:
Հ. Գյուլիքևխյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է փիլիսոփայության, գեղագիտության, գրականության, դրամատուրգիայի, թատրոնի տեսության ու պատմության բազմաթիվ հարցեր:
Նա թողել է գրականագիտական բազմաթիվ հոդվածներ, որոնցից հատկապես արժեքավոր են «Հայրենասիրության գաղափարը Խ. Աբովյանի մոտ», Րաֆֆու «Կայծերը», «Ի․ Ճավճավաձեի ստեղծագործության մասին», «Կլասիկ ժառանգությունը և սովետահայ գրականությունը», «Դիտողություններ սովետական դրամատուրգիայի մասին», «Շեքսպիրը նախասովետական հայ քննադատության մեջ» և այլն:
1937 թ. սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է՝ մեղադրվելով հակահեղափոխական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու, ԽՍՀՄ դեմ ակտիվ պայքար մղելու մեջ: 1938 թ. ապրիլի 1-ին հեռացվել է կուսակցության շարքերից: 1939 թ. մայիսի 7-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում՝ 3 տարով զրկվելով քաղաքական իրավունքից։ Սեպտեմբերի 29-ին ապացույցների բացակայության պատճառով կարճվել է նրա դեմ հարուցված քրեական գործը և ազատ է արձակվել:
Վախճանվել է 1951 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում:
Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի պատին նրա հիշատակին ամրացված է հուշատախտակ: