April 23, 2024 | 16:00
Science
Education
Events
YSU participates in "Science" exhibition
The "Science" exhibition was held as part of the annual general meeting of the National Academy of Sciences of the Republic of Armenia, bringing together representatives of scientific organizations and Armenian state universities, partners of MoESCS and NAS in the fields of education and science. YSU also participated in the exhibition, presenting its diverse range of scientific activities and achievements, as well as educational programs at a separate booth.
Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա ընդգծեց, որ ակադեմիան կարևորում է այսօրինակ ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք յուրահատուկ հարթակ են աշակերտների, ուսանողների և գիտաշխատողների շփման համար:
«Դպրոց-բուհ-գիտություն կապի փոխկապակցված զարգացումը առանցքային նշանակություն ունի և այն մեր ռազմավարական հիմնական ուղղություններից մեկն է: Ցուցահանդեսի միջոցով աշակերտները տեսնում և հասկանում են՝ ինչ է գիտությունը, պատկերացում են կազմում, թե ինչ է նշանակում գիտությամբ զբաղվել, շփվում են գիտնականների հետ՝ մասնակից դառնալով տարբեր գիտափորձերի: Դեռ դպրոցական տարիքից պատկերացում ունենալով գիտական գործունեության մասին՝ նրանք արդեն կկարողանան մասնագիտության ճիշտ ընտրություն կատարել: Այս ցուցահանդեսը լինելու է շարունակական և այսուհետ կազմակերպվելու է տարին երկու անգամ»,- ասաց Ա. Սաղյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այսօրինակ միջոցառումները և ցուցահանդեսներն իրենց դրական արդյունքն են ունենալու:
«Մենք գործում ենք մեկ միասնական հարթակում՝ հավատարիմ մնալով դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանն ուղղված ՀՀ Կառավարության քաղաքականությանը: Նշեմ, որ նախորդ շաբաթ ԵՊՀ-ում կազմակերպվել էր Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը: Ամեն անգամ այդ փառատոնին մասնակցելով՝ համոզվում եմ, որ մեր երեխաներն ունեն հրաշալի գաղափարներ, որոնց իրագործման համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ և հնարավորություններ: Այսօրինակ փառատոներին մասնակությունը ցույց է տալիս, որ մենք ունենք ապագա խոստումնալից գիտնականներ: Կարծում եմ՝ առանձնահատուկ պատասխանատվություն է, որ ներկայում գործող գիտնականներն ուղղորդեն, ճանապարհ ցույց տան գիտությամբ հետաքրքրվող նոր սերնդին»,- ասաց նախարարը։
Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ Կառավարության՝ գիտության ոլորտին տրամադրած ֆինանսավորումը նպաստել է գիտնականների, հետազոտողների թվի աճին։ Ընդ որում, ուշագրավ և ողջունելի է այն փաստը, որ գիտական հետազոտություններ կատարողների շարքում մեծ թիվ են կազմում երիտասարդները:
ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը, Ժ. Անդրեասյանը, Ա. Սաղյանը, գիտնականներ, աշակերտներ, ուսանողներ և գիտությամբ հետաքրքրված մարդիկ ցուցահանդեսի ժամանակ շրջայց կատարեցին տաղավարներով, որտեղ բոլոր մասնակիցները ներկայացրել էին գիտակրթական ոլորտում իրենց գրանցած հաջողությունները:
Երևանի պետական համալսարանի տաղավարով շատերն էին հետաքրքրված: Աշակերտները ԵՊՀ գիտաշխատողներից, ուսանողներից ստանում էին իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև տեղեկություններ հետազոտական աշխատանքների, ծրագրերի, գիտափորձերի, տեխնոլոգիաների մասին։ Համալսարանականները հյուրերին ներկայացրին նաև ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024» սպասվող կարևոր իրադարձության վերաբերյալ մանրամասներ:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, խոսելով «Գիտություն» փառատոնին համալսարանի մասնակցության մասին, նշեց, որ ԵՊՀ-ն ցուցահանդեսին իր գիտական ներուժի մի մասն է ներկայացրել միայն։
«Ըստ էության՝ այստեղ յուրաքանչյուրը փորձել է հետաքրքիր ձևով ներկայացնել իր տաղավարը։ Ինչպես տեսնում ենք, դա հաջողվել է մեզ, և ԵՊՀ տաղավարը մեծ հետաքրքրություն ունի այցելուների համար: Ըստ իս՝ այսօրինակ միջոցառումները կարևոր են գիտության հանրայնացման, գիտությունը հասանելի և մատչելի դարձնելու տեսանկյունից: Սա ոչ միայն բուհերի համագործակցության, այլև ԳԱԱ ինստիտուտների հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է: Միջոցառմանը ներգրավված են նաև ավագ դպրոցների աշակերտները, ինչը փաստում է այն մասին, որ շատ կարևոր է դեռ վաղ տարիքից երեխաների շրջանում գիտության հանդեպ սեր սերմանելը: Գիտությունը պետք է «ընդառաջ գնա» երիտասարդությանը»,- շեշտեց Ե. Մանուկյանը:
ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը, անդրադառնալով միջոցառման կարևորությանը, նշեց․ «Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում այլ դիտանկյունից ընկալելու գիտության ոլորտը։ Հատկանշական է ավագ դպրոցների աշակերտների մասնակցությունն այս միջոցառմանը․ ծանոթանալով գիտահետազոտական տարբեր կենտրոնների, բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող լաբորատորիաների հետազոտական աշխատանքներին, տեսնելով այդ հետազոտությունների արդյունքները և գիտնականների՝ ոլորտում գրանցած հաջողությունները, ցուցահանդեսի մասնակիցներն առավել հստակ պատկերացում են կազմում գիտական գործունեության մասին, ինչի արդյունքում նրանց մոտ աստիճանաբար ցանկություն է առաջանում ոլորտում աշխատելու»։
«Գիտություն» ցուցահանդեսին իրենց գիտակրթական գործունեությունը ներկայացրին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները:
«Մենք ներկայացնում ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի տարբեր ամբիոնների գիտակրթական գործունեության արդյունքները: Այստեղ ցուցադրված են մեր գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին գիտական հոդվածները, որոնք տպագրվել են բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրերում, պարբերականներում, գրքերում: Տաղավարի այցելուներին մենք ներկայացնում ենք այն հիմնական ուղղությունները, հետազոտությունները, որոնք իրականացվում են ֆակուլտետում: Օրինակ՝ թափոնների վերամշակումը, որի շնորհիվ մենք կատարում ենք էկոլոգիապես կարևոր գործ՝ վերամշակելով թափոնները և ստանալով կենսագազ՝ ջրածին, որը՝ որպես վառելիք, կօգտագործվի և՛ ժամանակակից ավտոմեքենաների, և՛ շարժիչ այլ մեխանիզմների համար»,- նշեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը:
Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս, փորձագետ Անի Չախոյանն ընդգծեց․ «Մենք ունենք գերհզոր սարքավորումներով հագեցած Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որտեղից ոչ մի սարք այստեղ տեղափոխել հնարավոր չեղավ, սակայն վիրտուալ իրականության (VR) ակնոցի միջոցով տաղավարի այցելուներին ցույց ենք տալիս, թե ինչպես են կատարվում փորձակումները, նմուշապատրաստումը միկրոալիքային վառարանի օգնությամբ, արդյունքում՝ բույսերի մեջ էլեմենտային պարունակության որոշումը»:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանն ասաց, որ կենտրոնում պատրաստվում են տարատեսակ սարքավորումներ նանոկառուցվածքների հիման վրա:
«Մենք պատրաստել և այժմ տաղավարում ներկայացնում ենք տարբեր տեսակի սենսորներ, որոնք հայտնաբերում են մթնոլորտում տարբեր տեսակի թունավոր, պայթյունավտանգ գազեր: Սրանք պատրաստված են և՛ կարծր տակդիրների վրա՝ ոսկյա և պլատինե կոնտակտներով, և՛ ճկուն տակդիրների վրա, որոնք կարող են կցվել ցանկացած ճկուն մակերևույթի: Նմանատիպ սենսորները հայտնաբերում են ջրածնի պերօքսիդի գոլորշիներ: Այստեղ պատրաստել ենք նաև ջրածին հայտնաբերող դետեկտոր, որին տվել ենք «YSU-HGS2» անվանումը. այն մթնոլորտում հայտնաբերում է ջրածնի ծայրահեղ ցածր կոնցենտրացիաներ: Մենք հնարավորություն ունենք նաև որոշակի փոքրիկ փորձարկում անելու՝ խցիկ ներմուծելու ջրածին և տեսնելու սենսորի արձագանքը»,- նշեց Մ. Ալեքսանյանը:
Նշենք, որ տաղավարներում կատարվում էին հետաքրքիր գիտափորձեր, ինչպես նաև անցկացվում տարբեր վիկտորինաներ: Ինտերակտիվ խաղերն ու զվարճանքներն է՛լ ավելի հետաքրքիր դարձրին միջոցառումը՝ ներգրավելով բոլոր մասնակիցներին: