May 07, 2024 | 15:02
Science
Education
Society
Armenian studies books in Arabic: presentation of new electronic platform at YSU
The YSU Faculty of Oriental Studies hosted a presentation of the website dedicated to Armenia-Arab countries relations. The website features Armenian-Arabic translations and works by renowned Armenian-Arabic scholars. Specifically, the presentation highlighted translations and authored works by Alexander Keshishyan, a notable Aleppo-Armenian ophthalmologist, translator and public figure.
Ալեքսանդր Քեշիշյանի կատարած թարգմանությունները գրված են դասական, գիտական, բարձր ոճի արաբերենով: Հարթակում տեղ են գտել Ա. Քեշիշյանի հեղինակած 15-ից ավելի հոդվածներ, որոնք նվիրված են Սիրիայի կյանքին, հուշարձանների պահպանությանը, հայ մտավորականությանը:
Արաբերենով հայագիտական աշխատանքները մեկտեղող www.arm-arab.am հարթակի ստեղծման գաղափարը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնինն է:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով Ալեքսանդր Քեշիշյանի մեծ ավանդի և ստեղծված հարթակի կարևորության մասին, նշեց. «Շատ ուրախ եմ, որ առիթ ունենք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալելու Ալեքսանդր Քեշիշյանին: Գնահատելի է Արաբագիտության ամբիոնի նախաձեռնությունը՝ նմանօրինակ կայքէջի ստեղծումը, որտեղ հավաքել են արժեքավոր թարգմանություններ ու հոդվածներ: Վստահ եմ՝ կայքէջն օգտակար է լինելու ոչ միայն հետազոտողների, այլև մեր ուսանողների ու դասախոսների համար»:
ԵՊՀ ռեկտորը շնորհակալագիր հանձնեց Ալեքսանդր Քեշիշյանին թարգմանության ոլորտում մեծ վաստակի և անձնվեր աշխատանքի համար:
«Հենց թարգմանիչների միջոցով է, որ տարբեր լեզվակիրներ հասկանում են միմյանց, հետևաբար սա ամենաշնորհակալ աշխատանքներից է: Թարգմանիչն է, որ հնարավորություն է ընձեռում մեկ ազգի ձեռքբերումը, գիտական մտքի պրպտումները հասանելի դարձնելու այլ ազգի ներկայացուցչին»,- ասաց Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ այս հարթակի ստեղծումը կարող է նպաստել բարեկամ երկու ժողովուրդների ձեռքբերումների և մշակույթների փոխադարձ ճանաչմանը:
Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, խոսելով հարթակի ստեղծման մասին, պատմեց. «Ալեքսանդր Քեշիշյանի մասին ես ուսանողական տարիներից էի լսել, կարդացել նրա որոշ հոդվածներ: Հետո, երբ բախտ ունեցա անձամբ ծանոթանալու նրա հետ և ավելի մանրամասն նրա գիտական մեծ ավանդին, հոդվածներին ու թարգմանություններին, երբ նա հանձն առավ թարգամանելու հայ արաբագետների աշխատանքները, ծնվեց այս հարթակն ունենալու գաղափարը, և մենք ամեն բան արեցինք դրա ստեղծման համար»:
Կայքէջում ամփոփվել են նաև հալեպահայ ականավոր ակնաբույժի և թարգմանչի հարուստ կյանքի մանրամասները՝ ներկայացնելով Սիրիայի մտավոր և գիտական կյանքի առնչությունը հայկական իրականության հետ: Այն ամփոփվել է «Նամականի»-ում՝ Ալեքսանդր Քեշիշյանի և աշխարհիկ ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների, Մերձավոր Արևելքի՝ Սիրիայի հասարակական ու զինվորական գործիչների հետ անձնական նամակների հիմքով, որոնք վերաբերում են հայ-արաբական հարաբերություններին:
Թունիսի Հանրապետությունում և Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, խոսելով Ալեքսանդր Քեշիշյանի և թարգմանական արվեստի մասին, նշեց.
«Թարգմանիչների շարքում ոսկե տառերով իր անունն է գրել Ալեքսանդր Քեշիշյանը: Մեզնից շատերը գիտեն, թե թարգմանությունը ինչպիսի տիտանական, վիթխարի աշխատանք է: Այն արվեստ է, տառապանք, չարչարանք: Որևէ օտար լեզվի տիրապետելը դեռ չի նշանակում տիրապետել թարգմանական արվեստին: 80 գիրք թարգմանելը հսկայական աշխատանք է, որի իրական ծավալներն ու բարդությունը միայն ինքը՝ կատարողը, գիտի»:
Արաբերենը, որը հայտնի է որպես դժվար քերականական օրենքներ ունեցող, հնդեվրոպական լեզուներից հիմնովին տարբերվող, սեմական լեզու, Ալեքսանդր Քեշիշյանից պահանջել է տարիների տքնաջան աշխատանք:
«Այս յուրահատուկ լեզվին տիրապետելու համար պետք է հարատև ջանք գործադրել ոչ միայն համալսարանում, այլև ամբողջ կյանքում: Համալսարանները մեզ տալիս են որևէ մասնագետի որակավորում, սակայն այն բավարար չէ պահանջված մասնագետ դառնալու համար: Լավ թարգմանիչ լինելը պահանջում է մշտական ջանք ու եռանդ ամբողջ կյանքում, հետևաբար ընտրված մասնագիտությունը պետք է ոչ միայն սիրել, այլև նույնիսկ սիրահարվել մասնագիտությանը՝ կատարելության հասնելու ձգտումով»,- ասաց Ալեքսանդր Քեշիշյանը:
Նա հավելեց, որ մշտապես ապրելով մուսուլման արաբների շրջանում՝ իր կյանքի հիմնական առաքելությունն է համարել Հայաստանի և հայ ժողովրդի մասին պատմել արաբներին՝ Հայաստանի և հայ-արաբական հարաբերությունների մասին պատմող բազում գրքեր թարգմանելով և նվիրելով արաբ և օտար գրողներին, պատմաբաններին, պրոֆեսորներին, հնագետներին, պատվիրակներին, բարձրաստիճան զինվորականներին, նախարարներին և բազմաթիվ այլ անհատների:
Ալեքսանդր Քեշիշյանը արաբերեն է թարգմանել ավելի քան 80 գիրք հայերենից, անգլերենից, ռուսերենից, թուրքերենից, որոնք վերաբերում են Հայ դատին, Եղեռնին, հայոց պատմությանը, եկեղեցուն, հայ-արաբական պատմական հարաբերություններին, հայկական թատրոնին, մամուլին, արհեստներին և այլ թեմաների:
Ականավոր թարգմանիչը արաբերենով կազմել է նաև եռահատոր հանրագիտարան՝ տեղեկություններ զետեղելով բազմաթիվ հայ մտավորականների մասին, ընդգրկելով շուրջ 2800 տարվա պատմություն՝ Արգիշտի 1-ից մինչև 1990-ականների գործիչներ:
Խոսելով օտար լեզուների դասավանդման հնարավորությունների մասին՝ Ա. Քեշիշյանն ընդգծեց. «Ճիշտ 60 տարի առաջ՝ 1964-ին, երբ սովորում էի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, մտածում էի, որ մեր երկրում օտար լեզուների ուսուցում, բացի ռուսերենից, գոյություն չունի: Սակայն այսօր, ի զարմանս ինձ, մեր երիտասարդները գերազանց խոսում և գրում են տարբեր օտար լեզուներով: Հետևաբար նրանք լուրջ առաքելություն ունեն՝ մեր ազգի իրական պատկերն ու քաղաքակրթությունը մատուցելու օտարներին՝ այդ թվում արաբերեն թարգմանելով մեր գրականության լավագույն էջերը»:
Ա. Քեշիշյանը երիտասարդներին խորհուրդ տվեց միշտ կարդալ, սովորել և բացահայտել նորը:
Շնորհանդեսին կայքէջի նշանակությունը կարևորող ելույթներով հանդես եկան նաև Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը:
Հանդիպմանը ներկա էին դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հետաքրրքված այլ անձինք: