- Main
- Node
- ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
July 22, 2020 | 16:18
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանն այսօր տեսակապ-դասախոսություն է անցկացրել «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ողջունելով բանախոսին, ընդգծեց դասախոսության թեմայի կարևորությունն ունկնդիրների համար և շնորհակալություն հայտնեց Վահե Գևորգյանին ամառային դպրոցի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես գալու համար։
Դասախոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականն անդրադարձավ ԵԱՀԿ-ի գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Մինսկի խմբի ձևավորմանը և հետագա աշխատանքներին:
Բանախոսը խոսեց ԵԱՀԿ շրջանակում իրականացվող մշտադիտարկման մեխանիզմների մասին՝ նշելով դրանց առանձնահատկությունները։
Պարոն Գևորգյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Արցախյան հիմնահարցի նկատմամբ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վրա։
Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրա շուրջ ծավալված զարգացումներին։
Դասախոսության ավարտից հետո Վահե Գևորգյանը պատասխանեց առցանց դասախոսության մասնակիցների հարցերին։
Հարկ է հիշեցնել, որ ամառային դպրոցը, որը մեկնարկել է հուլիսի 15-ին, գործում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում: