- Main
- Node
- ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՂՈՍՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
September 24, 2020 | 15:35
Հասարակություն
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՂՈՍՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Սարգիս Աղայանը սեպտեմբերի 22-ին ստացել է Պողոսյան մրցանակ (նախկինում՝ Նախագահի մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում:
Մրցանակն ամեն տարի շնորհվում է տարբեր բնագավառների առաջատար մասնագետներին, որոնք լրացնում են հայտ՝ ներկայացնելով այն աշխատանքը, որի համար ակնկալում են ստանալ նախագահի մրցանակը: Դա կարող է լինել հոդվածների շարք, գիրք, որևէ գյուտ կամ արտոնագիր:
Սարգիս Աղայանը մրցույթին ներկայացրել է 2018-2019 թթ. տպագրված հոդվածների շարք, որոնք վերաբերում են ախտածինների շրջապտույտին բնության մեջ, դրանց տարածման ու բազմազանության վրա տարբեր գործոնների ազդեցությանը և այլն:
«Մի քանի տարի է՝ ուզում էի դիմել, սակայն ինձ պատրաստ չէի համարում դրա համար, քանի որ այս մրցանակը Հայաստանում գիտության ոլորտում ամենաբարձր մրցանակն է: 2018 և 2019 թվականները բավականին արդյունավետ ու հաջողակ էին, քանի որ միջազգային ամենահեղինակավոր գիտական ամսագրերում տպագրել եմ 20-ից ավելի հոդվածներ, ուստի որոշեցի այս անգամ բախտս փորձել»,- ասաց մրցանակակիրը:
Նա նշեց, որ բնական գիտությունների զարգացման բնագավառում մրցակցությունն այս տարի մեծ է եղել, հիմնականում դիմել են խմբերով. «Քանի որ իմ գործընկերների մեծ մասը, որոնք նաև իմ հոդվածների համահեղինակ են, այլ երկրներից են ու ՀՀ քաղաքացի չեն, ուստի ես դիմեցի մենակ»:
Ս. Աղայանը վստահեցնում է՝ մրցանակը նոր խթան է դառնալու իր հետագա գիտական գործունեության համար. «Շատ ոգևորիչ է ստանալ հանրապետության ամենահեղինակավոր մրցանակը քո ոլորտում, այն էլ բոլոր տարիքային կատեգորիաներում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը բարդ է առկա ֆինանսական ռեսուրսների պատճառով»:
Ի դեպ, նախատեսվում է հաջորդ տարվանից մրցույթը միջազգային դարձնել, որպեսզի մրցույթին կարողանան դիմել ոչ միայն Հայաստանի հայերը, քանի որ գիտությունը որպես այդպիսին հայկական չէ, այն միջազգային է. «Չի կարելի գիտություն անվանել այն, ինչով զբաղվում ես, սակայն հասու չէ միջազգային գիտական հանրությանը: Օտարերկրյա գործընկերները պետք է կարողանան ոչ միայն տեսնել, այլև քննադատել ու հղում անել քո աշխատանքներին, ինչն արդեն վկայում է այդ աշխատանքի արժեքի մասին»:
Հաջողության հասնելու հարցում Ս. Աղայանն առանձնացրեց մի քանի գործոն՝ ասելով, որ իր՝ որպես գիտնականի զարգացման ճանապարհին կտրուկ ոլորտային փոփոխություններ շատ են եղել. «Ես մասնագիտությամբ կենսաֆիզիկ եմ, 6 տարի սովորել եմ Կենսաֆիզիկայի ամբիոնում, թեև այնպես ստացվեց, որ ասպիրանտուրան շարունակեցի ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում՝ որպես մակաբուծաբան: Եվ ահա ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի իմ գործընկերները, որոնք նախկինում իմ դասախոսներն են եղել, ինձ առաջարկեցին ներգրավվել միջազգային ծրագրում Պորտուգալիայում: Ես՝ որպես ասպիրանտ, Հայաստանից մեկնեցի և մեկ տարուց ավելի իմ հետազոտական աշխատանքներն արեցի Պորտուգալիայի առաջատար կենտրոններից մեկում, որտեղ ուսումնասիրում էին կենսաբազմազանությունը և գենետիկական ռեսուրսները»:
Ըստ մրցանակակրի՝ իր փորձը Պորտուգալիայում և դրանից հետո մի քանի երկրում վերապատրաստում անցնելը շատ օգնեցին, որ կարողանա յուրովի մոտեցում ցուցաբերել գիտությանն ու ընդհանրապես այն ամենին, ինչը վերաբերում է իր մասնագիտությանը:
Պարոն Աղայանը կարևորեց միջազգային գործընկերների, հատկապես Իրանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի անվանի պրոֆեսորների հետ համագործակցությունը. «Նրանց հետ համագործակցելու արդյունքում սկսեցի շատ ավելի լուրջ գիտական հետազոտություններ անել, հոդվածներ տպագրել միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում»:
Հաջողության հասնելու գրավականներից մեկն էլ, ըստ ԵՊՀ գիտաշխատողի, ոլորտում առկա մրցակցությունն է. «Ես միշտ ասել եմ, որ ԵՊՀ-ում, հատկապես Կենսաբանության ֆակուլտետում մրցակցությունը շատ բարձր է, քանի որ դու տեսնում ես, թե ինչպես են քո գործընկերները ջանասիրաբար փորձում հասնել այն բարձունքներին, որոնց ձգտում ես նաև դու: Հենց դա էլ նպաստում է, որ երբեք չթուլանաս ու չլճանաս՝ անընդհատ ձգտելով նոր բան սովորել ու անել»:
Հասմիկ Ասլանյան