- Main
- Node
- ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
November 20, 2020 | 16:55
Հասարակություն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և մեկնարկել է իրավունքի աշնանային դպրոցների շարք, որին մասնակցում են ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Հայաստանում Ամերիկյան, Հայ-ռուսական և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների ուսանողների համար նոյեմբերի 9-13-ը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվել է «Մարդու իրավունքները» խորագրով աշնանային դպրոց, իսկ նոյեմբերի 16-ին մեկնարկել և իրականացվում է «Եվրոպական իրավունքի աշնանային դպրոց»-ը։
Աշնանային դպրոցների շրջանակում բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Հարալդ Վենդելբերգերը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի, Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։
«Մարդու իրավունքները» խորագրով աշնանային դպրոցի ժամանակ զեկուցումներով հանդես են եկել գերմանացի փորձագետներ պրոֆեսոր Կարմեն Թիլեն (Եվրոպա-համալսարան Վիադրինա Ֆրանկֆուրտ (Օդեր)), պրոֆեսոր Միխաելա Վիթինգերը (Դաշնային հանրային կառավարման բարձրագույն դպրոց), փաստաբան Շտեֆան ֆոն Ռաումերը («Ֆոն Ռաումեր» փաստաբանական գրասենյակ, Սահմանադրական իրավունքի և Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) ոլորտների փորձագետ) և ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Սոսե Բարսեղյանը, որը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության արդի վիճակը ՀՀ-ում։
Գերմանացի փորձագետներն անդրադարձել են մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, մտքի, խղճի և կրոնի ազատությանը, կարծիքի արտահայտման ազատությանը, խտրականության արգելքին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և դրա հիման վրա գործող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննության ընթացակարգերին, ինչպես նաև Եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու գործնական հմտություններին։
Ծրագիրն ավարտվել է ուսանողների ակտիվ ներգրավվածությամբ կազմակերպված խմբային աշխատանքով, որի շրջանակում կատարվել է կոնկրետ գործերի քննարկում։
Այս պահին ընթացող «Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցին» մասնակցում են գերմանացի փորձագետներ դր․ Մաթիաս Հարթվիգը (Հայդելբերգում արտասահմանյան, հանրային և միջազգային իրավունքի Մաքս-Պլանկ ինստիտուտ) և դր. Թոմաս Նափփերը (փաստաբան Մյունխենում, Փաստաբանական գրասենյակ «Շտրաուս Ցիեր Դուկեն Նափփերթ», իրավական խորհրդատու միջազգային ծրագրերում)։
Ծրագրում նախատեսված են զեկուցումներ՝ «Եվրոպական իրավունքի հիմքերը», «Եվրոպական միության մարմինները», «Եվրոպական միության ստեղծման իրավական հիմքը», «Իրավասությունների բաշխումը Միության և անդամ պետությունների միջև», «Միության իրավունքի իրավական աղբյուրները, Միության իրավունքը և անդամ պետությունների իրավունքը», «Եվրոպական քաղաքացիության հարցերը կարգավորող իրավունքը», «Եվրոպական միությանն անդամակցելու իրավունքը, ինչպես նաև համագործակցության այլ ձևերը», «Եվրոպական հիմնարար ազատությունները» և «Եվրոպական միության ճգնաժամները» թեմաներով։ Ծրագրի ավարտին նախատեսվում է ուսանողների մասնակցությամբ խմբային աշխատանք։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ նոյեմբերի 23-ին մեկնարկելու է «Սահմանադրական իրավունք» թեմայով դպրոցը, իսկ արդեն 2021 թվականի հունվարին նախատեսվում է անցկացնել «Մեդիա իրավունք» թեմայով դպրոց։
Պատրաստեց Քնար Միսակյանը