- Main
- Node
- Կին առաջնորդները արդարադատության ոլորտում
May 22, 2024 | 16:20
Հասարակություն
Մարդու իրավունքներ
Շարունակական կրթություն
Կին առաջնորդները արդարադատության ոլորտում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի համագործակցության շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն էր քննարկել արդարադատության ոլորտում հայ կանանց ներգրավումը, ինչպես նաև հասկանալ իրավաբանի մասնագիտության մեջ հավասար հնարավորությունները ստեղծելու ուղիները:
Միջոցառման շրջանակում քննարկվեցին իրավական մասնագիտությունում առկա խոչընդոտների հաղթահարմանը, արդարադատության ոլորտի և իրավունքի գերակայության ամրապնդման վրա կանանց ներգրավման ազդեցությանը, երիտասարդ իրավաբանների առաջնորդությանն ու մենթորությանը, ինչպես նաև գենդերային կողմնակալությանն ու խտրականությանն առնչվող մի շարք հարցեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով համալսարանում գենդերային կողմնակալության վերացմանն ուղղված քայլերին, ասաց․ «Վերջին շրջանում ԵՊՀ-ում գենդերային անհավասարության վերացմանն ուղղված բարեփոխումներ են կատարվում։ Եթե մի քանի տարի առաջ, օրինակ, մենք չունեինք կրթական որևէ ստորաբաժանման կին ղեկավարներ, այսօր արդեն ունենք: Նշեմ, որ ԵՊՀ կրթական ստորաբաժանումներում դասավանդողների գերակշիռ մեծամասնությունը ևս կանայք են: Կարծում եմ, որ արդարության ձևավորման գործում կանանց ունեցած դերի մասին այսօրինակ քննարկումները բավականին կարևոր են: Մենք տարբեր կանոնակարգերում ոչ միայն ավելացնում ենք ներառականության գաղափարը, այլև կատարում ենք դրան ուղղված գործնական քայլեր: Այս համագործակցության արդյունքում նաև հնարավորություն կունենանք կատարելու որոշակի շտկումներ և բարեփոխումներ մեր քաղաքականության մեջ»։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, խոսելով արդարադատական համակարգում կանանց ներկայացվածության մասին, նշեց. «Արդարադատության համակարգի կայացման գորընթացում շատ կարևոր է ապահովել կանանց ձայնի լսելի և ներկայացված լինելը: Չնայած Հայաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել, սակայն կանանց ներկայացվածությունը դեռևս խնդիր է: Այս անհավասարակշռությունն էական ազդեցություն ունի արդարադատության համակարգի արդյունավետության վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան լայն է արդարադատության համակարգում տարբեր շերտերի ներկայացվածությունը, այնքան այն ավելի արդար և արդյունավետ է: Կանանց տեսակետները ներկայացնելը կարևոր է մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ սկսած ընտանեկան բռնությունից մինչև արդարադատության հավասար հասանելիության ապահովում»:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, մեզ հետ զրույցում անդրադառանալով ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի և Երևանի պետական համալսարանի համագործակցությանն ու միջոցառման կազմակերպմանը, շեշտեց, որ համատեղ և շարունակական աշխատանքի արդյունքում ուսանողները հավելյալ հնարավորություն են ունենում կրթական ծրագրերից դուրս շփվելու հաջողություններ գրանցած մարդկանց հետ:
«Նման ձևաչափով քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրն իրականացնողները: Այս քննարկումը հնարավորություն է ընձեռում անդրադառնալու, ծանոթանալու մի շարք խնդիրների: Ենթադրենք՝ իգական սեռի ուսանողը ցանկանում է կրթությունը շարունակել արդարադատության ոլորտում․ նա պետք է տեղյակ լինի, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Այս առումով նրանք կարող են լսել, սովորել, հարցեր ուղղել մարդկանց, որոնք այդ ոլորտում որոշակի հաջողությունների են հասել»,- ընդգծեց Լ. Խառատյանը:
Միջոցառման բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը:
Բարձրաստիճան կին առաջնորդ-բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան այն մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք արդարադատության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելիս և կանանց ներգրավմամբ իրավական համակարգի զարգացմանը նպաստող քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելիս։
Քննարկման ժամանակ Անահիտ Մանասյանը նշեց, որ տարբեր հանգամանքներից ելնելով՝ կանայք շատ հեշտ են թիրախավորվում տղամարդկանց կողմից: Ամբողջ աշխարհում տարածված երևույթ է կանանց թիրախավորումը։
«Մեր հասարակության նման հասարակություններում աշխատանքի որոշակի տեսակներ կան, որոնցում որոշում կայացնողի դերում միմիայն տղամարդիկ են դիտարկվում։ Իհարկե, վերջին տարիներին Հայաստանում բավական նկատելի փոփոխություններ կան: Թեև որոշում կայացնողների թվում կանանց ցուցանիշը բարձրացել է, միևնույն է կանայք շարունակում են զբաղեցնել միջին պաշտոններ՝ ի տարբերություն որոշում կայացնող պաշտոններ զբաղեցնող տղամարդկանց: Եվ այստեղ է, որ մենք շատ լուրջ անելիքներ ունենք հատկապես կարծրատիպերը վերացնելու առումով»,- ասաց Ա. Մանասյանը։
Նա ընդգծեց նաև, որ Խորհրդային միության փլուզումից հետո ՀՀ-ում 1990-ական թվականներին շատ լուրջ հետանցում է եղել դեպի հայրիշխանական հասարակություն, և այդ շղթայում շատ քիչ է եղել որոշում կայացնող կանանց թիվը: Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ մարդու իրավունքների պաշտպանը փաստեց, որ դատական իշխանության համակարգում վիճակագրության առումով փոփոխություն է եղել։
«2019 թվականի դրությամբ կին դատավորների թիվը 20 տոկոսից ընդամենը մի փոքր էր ավելի, մինչդեռ այսօրվա դրությամբ 30 տոկոսից ավելի է: Այս տարբերությունը բավականին մեծ է, եթե հաշվի առնենք նախկին 20 տարիների ցուցանիշը»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ևս աշխատելով նախարարության տարբեր բաժիններում և վարչություններում, հանդիպել է խոչընդոտների և խտրական վերաբերմունքի:
«Եղել է դեպք, երբ ինձ վարչության պետ չէին նշանակում այն պատճառով, որ ես կին եմ, և այդ մասին ինձ ասել են բացեիբաց՝ նշելով, որ դա տղամարդու աշխատանք է: Հետևաբար, չեմ կարող ասել, որ սա խտրական վերաբերմունք չէ: Հասնելով ղեկավար բարձր պաշտոնների՝ միևնույն է, կանայք բախվում են խտրական վերաբերմունքի։ Պարզապես չպետք է թույլ տալ, որ ձեզ միշտ երկրորդական դերում դիտարկեն, և ապացուցեք, որ հենց դուք եք առաջինը»,- նշեց փոխնախարարը:
Բանախոսներն իրենց պատմութուններով, փորձով և գաղափարներով ոգեշնչեցին երիտասարդ կին իրավաբաններին, որոնք հետաքրքրված են արդարադատության ոլորտում ներգրավմամբ և առաջնորդությամբ, անդրադարձան ոլորտում առկա գենդերային անհավասարություններին և դիտարկեցին ոլորտում կանանց ներգրավմանը նպաստող ժամանակակից մոտեցումները: