- Main
- Node
- ԵՊՀ-ում անցկացվեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը` համախմբելով միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին
June 10, 2024 | 09:27
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
ԵՊՀ-ում անցկացվեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը` համախմբելով միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին
ԵՊՀ-ում անցկացվեց «Քիմիայի մոլ» գիտության դպրոցը, որի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականները հանդես եկան քիմիայի տարբեր բնագավառների վերաբերյալ գիտական զեկույցներով և դասախոսություններով, ներկայացրին քիմիայի ոլորտի վերջին նվաճումները և դրանց կիրառման հնարավոր բնագավառները:
Գիտության դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի համագործակցության շրջանակում։ Դպրոցի նպատակն էր երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, մագիստրանտների և բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծել միջավայր՝ նոր դիտանկյունից ուսումնասիրելու նորագույն գիտությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով ոլորտի առաջատար գիտնականներին ԵՊՀ-ում հյուրընկալելու կարևորությունը. ««Քիմիայի մոլ» գիտության դպրոցի շրջանակում ստեղծվել է յուրօրինակ գիտական միջավայր՝ համախմբելով ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա առաւջատար մասնագետների։ Համալսարանում մեծապես կարևորվում է քիմիայի՝ որպես գիտության առաջատար ուղղություններից մեկի զարգացումը, ուստի այդ նպատակով էլ ԵՊՀ-ում բազմիցս կազմակերպվել են քիմիայի ամառային և ձմեռային դպրոցներ: Հատկանշական է նաև այն, որ այս ուսումնական տարում Քիմիայի ֆակուլտետի դիմորդների թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին»:
Անդրադառնալով քիմիայի կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորը նշեց․ «Վերջերս ՀՀ Կառավարությունից խնդրել էին Քիմիայի ֆակուլտետի վերջին տարիների շրջանավարտներից մի քանիսին ուղարկել Կառավարությունում աշխատելու համար։ Եվ երբ այս հարցով դիմեցի ֆակուլտետի փոխդեկանին, տեղեկացա, որ ֆակուլտետի նոր ավարտած գրեթե բոլոր շրջանավարտներն արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Հաշվի առնելով այն, որ քիմիայի դերը մեծապես կարևորովում է նաև Կառավարության համար, մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը քիմիայի բնագավառում զգալի հաջողություններ և առաջընթաց գրանցելու ուղղությամբ։ Այդ նպատակով ԵՊՀ-ն պատրաստ է ամրապնդելու համագործակցությունը միջազգային գիտական հանրույթի հետ»:
ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ դպրոցը կլինի շարունակական, և ընդգծեց, որ համալսարանը մշտապես պատրաստ է հյուրընկալելու ոլորտի առաջատար գիտնականներին:
Գիտաժողովին ելույթ ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը` հույս հայտնելով, որ դպրոցի շրջանակում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և կտեղեկանան ոլորտի նորարարություններին:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, «Քիմիայի մոլ» գիտության դպրոցի նախագահ Արմեն Գալստյանը նշեց, որ դպրոցի շրջանակում երիտասարդ գիտնականները և ուսանողները ոչ միայն ծանոթացան առաջատար գիտնականների հետ, այլև հնարավորություն ունեցան կողմնորոշվելու, թե գիտական որ ուղղություններն են խոստումնալից ժամանակակից քիմիայում, և որոնց ուղղությամբ իրենք կցանկանային մասնագիտանալ մոտ ապագայում։
«Կազմակերպվել էր տասը դասախոսությունների շարք։ Յուրաքանչյուր գիտնական ներկայացրեց իր ուղղությունը ` շեշտադրելով հանրամատչելիության տիրույթը և կիրառման կարևորությունը: «Քիմիայի մոլ» դպրոցից ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների ստացած գիտելիքները ստուգելու համար անկցացրինք նաև առցանց հարցում, որի շնորհիվ պարզեցինք, թե նրանք որքանով են յուրացրել այդ տասը դասախոսությունները։ Հարցման արդյունքում նրանք ստացան մրցանակներ»,- ասաց Արմեն Գալստյանը:
Նշենք, որ «Քիմիայի մոլ» գիտության դպրոցի երկրորդ օրն անցկացվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Գիտության դպրոցի շրջանակում գիտական զեկույցներով հանդես եկան Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նահանգների առաջատար բուհերի ճանաչված գիտնականները: