- Main
- Node
- «Նոր մեդիան փոխակերպել է հաղորդակցության անատոմիան». ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյան
July 15, 2024 | 16:16
Գիտություն
Կրթություն
«Նոր մեդիան փոխակերպել է հաղորդակցության անատոմիան». ԵՊՀ դոցենտ Աստղիկ Ավետիսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրել է «Նոր մեդիա և հաղորդակցություն» գիրքը: Գիտական մենագրության մեջ ամփոփված են նոր մեդիայի և հաղորդակցության ոլորտի միտումներն ու նորամուծությունները, ժամանակակից մեդիային առնչվող առանցքային տեսությունները, թվային հարթակների ընձեռած հնարավորություններն ու արդի նորարարական մոտեցումները, ինչպես նաև համապարփակ գիտելիքներ ու հասկացությունների վերլուծություններ:
Համացանցը փոխել է մարդկանց առօրյա կյանքը, ընկալումներն ու պատկերացումները՝ բերելով նոր տեխնոլոգիաներ և նորամուծություններ, որոնք մոռացության են մատնել ավանդական սովորությունները։ Աստղիկ Ավետիսյանն իր գրքում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք փոխել են նաև մեդիայի էությունը, մանրամասն ներկայացրել այդ փոխակերպումներից յուրաքանչյուրը:
Հեղինակի հետ զրուցել ենք գրքում արծարծված թեմաների արդիականության, նոր մեդիայի փոխակերպումների, փորձառության և առաջիկա ծրագրերի մասին:
- Տիկի՛ն Ավետիսյան, ո՞րն էր գրքի ստեղծման շարժառիթը, և որքանո՞վ են արդիական գրքում ներկայացված թեմաները:
- Երկար տարիներ զբաղվելով հաղորդակցության և նոր մեդիայի ուսումնասիրություններով՝ հասկացա, որ նոր մեդիան մեծ ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Սկսեցի ուսումնասիրել, հետազոտել գիտական տարբեր աղբյուրներ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստեղծված սոցիալական հարթակներ՝ հասկանալու, թե նոր մեդիան ինչ ազդեցություն է թողել, օրինակ, գիտության, տնտեսության, կրթության, արվեստի զարգացման վրա, և ի վերջո՝ ինչպես է փոխակերպվել հաղորդակցությունը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տեխնոլոգիական հնարավորությունները և նորագույն տեխնոլոգիաները զարգանում են ամեն օր: Եթե նախկինում մարդկանց հաղորդակցությունը դժվարությամբ էր տեղի ունենում, ապա այժմ մենք վայրկյանների ընթացքում ենք տեղեկություններ փոխանցում, ստանում, շփվում, հաղորդակցվում: Յուրաքանչյուրը որոնողական համակարգում կարող է փնտրել իրեն հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: Տեղեկատվական հոսքն այնքան մեծ է, որ հասարակությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում, իսկ տեղեկատվության բազմազանությունը բերում է մեդիագրագետ լինելու անհրաժեշտությանը՝ հասկանալու՝ որն է ճշգրիտ տեղեկատվություն, որը՝ ապատեղեկատվություն, ինչից կարելի է օգտվել, և արդյոք ստացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե «սունկ» կայքէջերի միջոցով է ստեղծված: Այս բոլոր երևույթները 5 տարի եղել են իմ ուսումնասիրությունների առանցքում։ Ուսումնասիրություններիս արդյունքները հրապարակվել են գիտական հոդվածների տեսքով, ինչպես նաև ամփոփվել այս գրքում:
«Նոր մեդիան փոխակերպում է հաղորդակցության անատոմիան․․․․» (Ա․ Ավետիսյան, Նոր մեդիա և հաղորդակցություն)։
- Ի՞նչ թեմաներ են արծարծվում գրքում:
- Մենագրության բովանդակությունը բավականին ընդգրկուն է՝ սկսած հաղորդակցության զարգացումից մինչև նոր մեդիայի ազդեցությունը հաղորդակցության վրա: Գիրքը բաղկացած է 10 գլխից, որոնցից յուրաքանչյուրը հանգամանորեն ներկայացնում է, թե ինչ նոր երևույթներ են ի հայտ եկել, ինչպես է մեդիան ազդել քաղաքականության, գիտության, կրեատիվ արդյունաբերության, արվեստի, ինչպես նաև թվային ակտիվիզմի և կրթության վրա: Այսօր մենք կարող ենք տեխնոլոգիաների միջոցով հայտնվել մի իրականության մեջ, որտեղ երբեք չենք եղել և տեսնել արվեստի մի գործ, որը գտնվում է, օրինակ, ԱՄՆ-ի հեռավոր մի անկյունում: Հետևելով բովանդակությանը՝ կարող ենք տեսնել՝ ինչպես է մեդիան ազդել ցանցային տնտեսության վրա և վերափոխել ամբողջ համատեքստը: Մենագրության մեջ հատուկ ուշադրության է արժանացել հաղորդակցության մշակութաբանական, հոգեբանական, ինչպես նաև մարդաբանական բնույթի նոր հարթակների ազդեցությունը հանրային կյանքի վրա։
«Նոր մեդիան արմատապես փոխել է կյանքը. նոր մեդիայի վերափոխումներն անդրադարձել են ժամանակակից մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտներին․․․․» (Ա․ Ավետիսյան, Նոր մեդիա և հաղորդակցություն)
- Ի՞նչ նպատակների է ծառայելու գիրքը, և ո՞ւմ համար է այն նախատեսված:
- Նոր մեդիայի համաշխարհային տարածմամբ և համաշխարհայնացման ազդեցությամբ լրագրողական ժանրերում նկատվում են նոր ձևաչափերի փոխներթափանցումներ, որոնք փոխակերպում են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային գործընթացների էությունը: Գրքում ներկայացված են այնպիսի խնդիրներ, որոնք խոչընդոտում են մեդիայի և հաղորդակցության կազմակերպումն ու կառավարումը: Գիրքը հնարավորություններ է ստեղծում «մուտք գործելու» և «նավարկելու» այնտեղ, որտեղ հնարավոր է։ Այն, բնականաբար, մոտիվացիա է այն մասնագետների համար, որոնք ցանկանում են յուրաքանչյուր իրավիճակում ստեղծել նոր բովանդակություն: Գիրքը կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետների, հետազոտողների, դասախոսների և ուսանողների համար։
«Նոր մեդիան ամբողջությամբ վերափոխել է տնտեսության զարգացման ձևաչափերն ու մոդելները, նպաստել տեղեկատվության տարածմանն ու ցանցային մտածողության ձևավորմանը․․․․» (Ա․ Ավետիսյան, Նոր մեդիա և հաղորդակցություն)։
- Նախկինում տեղեկության հիմնական տարածողները լրագրողներն էին, մեդիադաշտի հետ առնչություն ունեցող մարդիկ, սակայն այսօր տեսնում ենք տարբեր մարդկանց, որոնք, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, դարձել են տեղեկություն տարածողներ։ Ինչպե՞ս «չմոլորվել» տեղեկատվական հոսքերի մեջ:
- Այո՛, այսօր մարդը դարձել է «մեդիա», յուրաքանչյուրը կարող է տեղեկություն տարածել, կարծիք հանրայնացնել, ազդել լսարանի վրա: Ժուռնալիստիկայի սահմանները խարխլվել են: Տեղեկատվական դաշտում ոչ արհեստավարժ մարդիկ են հայտնվել, որոնք, ակտիվ լինելով սոցիալական մեդիայում, դարձել են կարծիքի առաջնորդ: Նոր սերնդի համար շատ դժվար իրավիճակ է ստեղծվել՝ ո՞ւմ հետևել, ո՞ր տեղեկատվությանը վստահել։ Այսօր մարտահրավերները շատ են, և եթե ուշադիր չլինենք և «գնանք» ցանկացած տեղեկատվության հետևից, ապա մենք այս տեղեկատվական հորձանուտում կարող ենք «խեղդվել»: Սա շատ բարդ և մտահոգիչ խնդիր է: Ներկայում ունենք նաև մեդիահիգիենայի պահպանման խնդիր, քանի որ նույնիսկ փորձառու շատ մասնագետներ, հետևելով հասարակության ստվար զանգվածի պահանջներին, մատուցում են ոչ որակյալ բովանդակություն: Սակայն համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այս խնդիրը ևս կլուծվի․ հաղթում են նրանք, ովքեր կարողանում են իրենց մասնագիտական նշաձողը բարձր պահել, և միշտ հարգանքի են արժանի լինելու այն արհեստավարժները, որոնք պահպանում են մասնագիտական սկզբունքները: Այսօր մարդկանց պահանջները փոխվել են, և եթե մեդիա ոլորտի փորձառու մասնագետներն ապահովեն որակյալ բովանդակություն, մարդիկ այլևս չեն գնա «fast food» տեղեկատվության հետևից:
«Նախկինում նորություններ փոխանցողները միայն լրագրողներն էին, այսօր տեղեկատվության փոխանցման գործընթացին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Նրանց թվին կարելի է դասել բլոգերներին, ինչպես նաև սովորական օգտատերերին, որոնք սոցիալական ցանցերում հրապարակում են գրառումներ․․․․» (Ա․ Ավետիսյան, Նոր մեդիա և հաղորդակցություն)։
- Ինչպես նշեցիք, տեխնոլոգիաների զարգացումը փոխում է մեդիայի էությունը: Քանի որ այս գործընթացը շարունակական է, Ձեր կանխատեսմամբ՝ ո՞րն է լինելու տեխնոլոգիաների հաջորդ նվաճումը:
- Կարծում եմ, որ մեր կյանքի անբաժանելի մասնիկը դարձած սմարթֆոնները մի որոշ ժամանակ անց կարող են դառնալ, օրինակ, կրծքանշաններ, որոնց կառավարման հնարավորությունները շատ ավելի մեծ կլինեն (չնայած՝ արդեն ունենք խելացի ժամացույցներ, որոնց միջոցով կառավարում ենք ինչ-որ բաներ): Նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ կարող է առաջանալ լուրջ վտանգ․ պետք է այնպես անել, որ մարդը կառավարի արհեստական բանականությունը, և ոչ թե հակառակը, այլապես մարդը կդառնա ծույլ, չնախաձեռնող և անհետաքրքիր: Նշյալ պարագայում մեդիան կօգտագործի ավելի խելացի ալգորիթմներ՝ ստեղծելու անհատականացված բովանդակություն, որը հարմարեցված է յուրաքանչյուր օգտատերի նախասիրություններին՝ բարձրացնելով նրանց ներգրավվածության ցուցանիշը: Վիրտուալ և լրացված իրականության (VR/AR) տեխնոլոգիաները կդառնան ավելի հասանելի և լայնորեն կկիրառվեն տարբեր մեդիահարթակներում, ինչը ևս կմեծացնի ինտերակտիվությունն ու մարդկանց ներգրավումը: Տեղի կունենա բովանդակության դիվերսիֆիկացում՝ օգտատերերը կկարողանան իրենց էջերի բովանդակությունը ստեղծել և տարածել ավելի հեշտությամբ՝ օգտվելով սոցցանցերից, փոդքասթներից և վիդեո հարթակներից: Մյուս հնարավորությունը տվյալների և վերլուծության զարգացումն է: Մեդիա ընկերությունները կօգտագործեն առավելագույնս ճշգրիտ տվյալների վերլուծություն՝ հասկանալու իրենց լսարանի պահանջմունքները և կմշակեն առավել արդյունավետ մեդիա ռազմավարություններ, ինչի արդյունքում էլ կբարելավվի բովանդակության որակը: Այս բոլոր ուղղությունները միասին կնպաստեն մեդիայի ավելի մեծ դինամիկայի, նորարարության և ներգրավվածության զարգացմանը:
«Ցանկացած տեխնոլոգիա դրական կամ բացասական հատկություններ է ձեռք բերում՝ կախված այն համատեքստից, թե որտեղ է կիրառվում․․․․» (Ա․ Ավետիսյան, Նոր մեդիա և հաղորդակցություն)։
- Տիկի՛ն Ավետիսյան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Այս պահին աշխատում եմ մեկ այլ գրքի տպագրության ուղղությամբ, որը հանրային կապերի և հաղորդակցության նոր գործիքների և տեխնոլոգիաների մասին է: Առաջիկայում իմ առջև դրված խնդիրներից մեկը դոկտորական ատենախոսության պաշտպանությունն է:
Հավելենք, որ Աստղիկ Ավետիսյանը գիտական և մասնագիտական 7 գրքի, շուրջ 30 գիտական հոդվածների հեղինակ է: