Հարափոփոխ աշխարհում առանձնակի կարևորվող իրավունքի գերակայության շնորհիվ համակշռվում են պետության, հասարակության և, իհարկե, անհատի շահերը՝ նպատակ ունենալով կառուցել առավել արդար, իրավահավասար և ամուր պետականություն։
Յուրաքանչյուր ոք ծննդյան օրից ունի կյանքի ու արժանապատվության, սեփականության, անձի անձեռնմխելիության բնական իրավունքներ, իսկ հետագայում արդեն ձեռք է բերում քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներ։ Օրենքը, որի առաջ հավասար են բոլորը, ծառայում է որպես վերոգրյալ հիմնարար իրավունքների պաշտպանության հիմք։
Մարդկային գործունեության բացառապես բոլոր բնագավառներում (միջանձնայինից՝ միջպետական) պահանջվում է իրավական կարգավորում, ինչը մեծացնում է իրավագետների պահանջարկն ու մասնագիտության կարևորությունը։
Իրավաբանական համապարփակ կրթության շնորհիվ անհատը ձեռք է բերում ինքնիրացման և ինքնակատարելագործման անհրաժեշտ այն գործիքակազմը, որի օգնությամբ, բացի սեփական իրավունքները պաշտպանելուց, իրավասու է դառնում իրավաբանական ծառայություններ մատուցելու բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Համընդգրկուն և բազմաբևեռ կրթության լավագույն ուղեցույցն առաջարկում է ԵՊՀ իրավագիտության 90-ամյա ֆակուլտետը։ Եռաստիճան կրթական համակարգի շնորհիվ ֆակուլտետում ուսանողները ձեռք են բերում իրավունքի բոլոր ճյուղերի վերաբերյալ անհրաժեշտ տեսական գիտելիքներ և դրանց հիման վրա զարգացնում հետագա գործնական աշխատանքում անհրաժեշտ հմտությունները։
Ֆակուլտետում գործում են «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի (առկա և հեռակա) և «Դատական իրավունք և փաստաբանություն», «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ», «Քրեական արդարադատություն և փաստաբանություն», «Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն», «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ միջառարկայական «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում ճիշտ կիրառելու հմտությունները զարգացնելու համար ֆակուլտետում ձևավորվել են հատուկ ինֆրակառուցվածքներ, մասնավորապես՝ ուսումնական դատական նիստերի դահլիճ, կրիմինալիստիկայի ուսումնական կաբինետ և մոտ 20 տարի գործող իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական ծառայություն), որտեղ ուսանողները հնարավորություն են ստանում փաստաբան դասախոսի ղեկավարությամբ անմիջական իրավաբանական ծառայություն մատուցելու ինչպես քաղաքացիական, քրեական, առևտրային գործերով դիմողներին, այնպես էլ փախստականներին, տեղահանված անձանց և երեխաներին։ Միայն այս ակադեմիական կիսամյակում ուսանողները մասնակցել և անվճար մասնագիտական աջակցություն են ցուցաբերել ավելի քան 160 ներպետական գործերում, որոնցից մի քանիսի վերաբերյալ պատրաստվել են գանգատներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։
Բացի վերոհիշյալից՝ դատական նիստերի դահլիճում պարբերաբար անցկացվում են քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, ինչպես նաև ԱԺ հանձնաժողովների և լիագումար ուսումնական նիստեր, որոնց պարբերաբար մասնակցում են գործող դատավորներ, դատախազներ և փաստաբաններ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործում են համակարգչային կենտրոն գրադարանը, ինչպես նաև գիտակրթական մի շարք կառույցներ` Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության գործուն աջակցությամբ ստեղծված Կարիերայի կենտրոնը, որը, հետևելով ամերիկյան իրավաբանական դպրոցների փորձին, ապահովում է ուսանող-շրջանավարտ-գործատու մշտական կապն ու օժանդակում շրջանավարտներին մասնագիտական աշխատանք գտնելու հարցում:
Ֆակուլտետի դասախոսների ճնշող մեծամասնությունը՝ 90%-ից ավելին, պրակտիկ գործունեություն են իրականացնում նաև հանրապետության իրավապահ, դատական մարմիններում և այլ մասնագիտական կառույցներում։ Փորձառությունը, որը նրանք ձեռք են բերում գործնական ոլորտում, կիրառում են ֆակուլտետում՝ ուսանողներին փոխանցելով ժամանակի պահանջարկին համահունչ գիտելիքներ։ Ասպիրանտներն ու դասախոսները պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացների։
Հետևելով ոլորտում տեղի ունեցող մասնագիտական զարգացումներին՝ ֆակուլտետում պարբերաբար վերանայվում և թարմացվում են ոչ միայն ուսումնական պլանը, կրթական ծրագրերն ու առարկայացանկը, այլև դրանց մատուցման մեթոդաբանությունն ու մոտեցումները։
Վերջին տարիներին ֆակուլտետում առաջնահերթություն են միջառարկայական հետազոտությունները։ Մասնավորապես 2022/2023 ուսումնական տարվանից ֆակուլտետում գործում է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» միջառարկայական մագիստրոսական ծրագիրը, իսկ առաջիկայում նախատեսվում է ներդնել միջառարկայական այլ մագիստրոսական կրթական ծրագրեր ևս` «Կրիմինալոգիա», «Առողջապահական իրավունք», «Արհեստական բանականությունը և իրավունքը» և այլն:
2023/2024 ուսումնական տարվանից մեկնարկելու է անգլերենով «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը, որի ընդունելության առաջին փուլը բաց է մինչև հունիսի 30-ը։
Կրթական ծրագրի ներդնումը ֆակուլտետում համարվում է ժամանակի հրամայական։ Ծրագրի շրջանակում ուսանողները ծանոթանալու են միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, ձեռք են բերելու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ուսումնասիրելու են միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատելու են ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու են գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Իրավագիտության ֆակուլտետը համագործակցում է իրավապահ և դատական համակարգը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների, ինչպես նաև ներպետական և արտասահմանյան կրթական ու մասնագիտական կազմակերպությունների հետ, որոնց թվում են՝ ՀՀ գործող բոլոր մասնագիտական բուհերը, ինչպես նաև Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ասիայի իրավաբանական առաջատար մի շարք դպրոցներ, որոնք միաժամանակ նաև գիտական խոշոր կենտրոններ են: Մասնավորապես ֆակուլտետի ուսանողներից շատերը կրթությունը շարունակել են ԱՄՆ-ի Սթենֆորդի, Փենսիլվանիայի, Վաշինգտոնի, Բերկլիի, Ֆրանսիայի՝ Մոնպելիեի, Սորբոնի, Գերմանիայի՝ Հումբոլդտի (Բեռլինի), Բրեմենի, Ֆրայբուրգի, Համբուրգի, Շվեդիայի՝ Ստոկհոլմի, Լունդի, Շվեյցարիայի՝ Ժնևի, Իսպանիայի՝ Բարսելոնայի, Մադրիդի, Մեծ Բրիտանիայի՝ Էսսեքսի, Նոթինգեմի, Սլովենիայի՝ Լյուբլյանայի, Լեհաստանի՝ Բիալիստոկի, ՌԴ-ի՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և այլն։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ակտիվորեն համագործակցում է նաև Արցախի պետական համալսարանի հետ, որտեղ ֆակուլտետի դասախոսները պարբերաբար դասընթացներ են կազմակերպում՝ անդրադառնալով մասնագիտության առանցքային կետերին ու վերջին շրջանում ոլորտում առկա փոփոխություններին։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան