
Իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն արդեն ավելի քան 30 տարի գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալում ֆակուլտետում՝ կրթելով բազմաթիվ ուսանողների և մասնագիտական ուղի հարթելով նրանց համար։
Արթուր Վաղարշյանը, 1989 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1992 թվականին՝ նույն բուհի ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, 1993 թվականից սկսած՝ գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալել Իրավաբանական ֆակուլտետում՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում նախ որպես դասախոս, ապա ասիստենտ, դոցենտ, իսկ 2005 թվականից մինչև 2021 թվականը՝ նույն ամբիոնի վարիչ:

2013 թվականին Արթուր Վաղարշյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 2014 թվականին արժանացել է պրոֆեսորի գիտամանկավարժական կոչման: Մայր բուհի իրավաբանական ֆակուլտետում շուրջ երկու տասնամյակ ծավալած իր գիտական գործունեության արդյունքում պրոֆեսոր Վաղարշյանն իր մեծագույն ավանդն է ներդրել իրավունքի տեսության գիտության զարգացման գործում: Հաշվի առնելով հայրենական իրավական մտքի զարգացման ու կայացման գործում Արթուր Վաղարշյանի անգնահատելի դերակատարումը՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Գրիշայի Վաղարշյանը հեղինակ է հարյուրից ավելի գիտական աշխատությունների:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, հնչեցին շնորհավորական ու շնորհակալական խոսքեր՝ ուղղված պրոֆեսորին։
Հ․ Հովհաննիսյանը, շնորհավորելով Արթուր Վաղարշյանին, փաստեց, որ մեծ է նրա ավանդը կրթության բնագավառում, երիտասարդ սերնդի դաստիարակման ու հայրենասիրության ոգով նրանց կրթելու գործում․ «Ձեր գիտակրթական ու մանկավարժական բազմամյա աշխատանքն արժանի է բարձր գնահատականի: Ձեր նվիրական և անձնուրաց աշխատանքի շնորհիվ Դուք հազարավոր ուսանողների փոխանցել եք հարուստ գիտելիքներ հայ քաղաքական-իրավական մտքի ծագման և զարգացման պատմության մասին՝ Ձեր ավանդը ներդնելով վերջիններիս ազգային ինքնության ամրապնդման գործում»։
ԵՊՀ ռեկտորը պրոֆեսորին նվիրեց Արցախի գորգ։

Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ Ա․ Վաղարշյանը տասնամյակների գիտական ու մանկավարժական պատկառելի իր գործունեությամբ վստահաբար վայելում է իրավաբանական մասնագիտական հանրույթի և ուսանողության մեծ հարգանքն ու անկեղծ սերը:
«Որպես ազնիվ, հայրենանվեր մտավորական, համեստ, լուսավոր և բարոյական բարձր արժեքներ կրող մարդ՝ Դուք տասնամյակներ շարունակ հավատարիմ եք երիտասարդներին կրթելու Ձեր առաքելությանը և Ձեր ուսերին եք կրում այդ պատասխանատու և բարդ «բեռը»: Ձեր հեղինակած դասագրքերով և գիտական աշխատություններով են կրթվել ու կրթվում իրավաբանների տասնյակ սերունդներ, որոնցից շատերն այսօր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում պետական տարբեր մարմիններում»,- նշեց նա: