ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իրավաբանական կլինիկայի ուսանողների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, կարևորելով ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունն ու կլինիկական կրթությունը, ընդգծեց. «Մեր ֆակուլտետում առաջնահերթ է համարվում անհրաժեշտ տեսական գիտելիքների հիման վրա գործնական հմտությունների զարգացումը: Այդ գործընթացը հաջողությամբ իրականացվում է հենց Իրավաբանական կլինիկայի շնորհիվ, որը մեր ֆակուլտետի այցեքարտերից է»:
Գագիկ Ղազինյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց, որ նրանք պրակտիկ գործունեության ընթացքում կզգան, որ կլինիկայում ստացած գիտելիքի ու փորձի շնորհիվ նրանք մեկ աստիճան բարձր են լինելու բոլորից, ովքեր կլինիկական դասընթացների չեն մասնակցել և չեն անցել այդ ուղին:

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը, ամփոփելով 2022/2023 ուսումնական տարվա գործունեությունը, ասաց. «Այս տարի մենք գերազանցել ենք նախորդ տարիներին գրանցած արդյունքները՝ անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելով 160 քաղաքացիների: 100 գործ արդեն իսկ ավարտված է, իսկ մնացյալներն ընթացքի մեջ են և փոխանցվելու են հաջորդ տարվա ուսանողներին՝ գործի հետագա ընթացքն ապահովելու համար: Իրավաբանական կլինիկան հաջողությամբ իրականացրել է նաև «Իրավունք բոլորի համար» ծրագիրը՝ կատարելով մոտ 30 այցելություն Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցներ»:
Քնարիկ Վարդանյանը, շնորհավորելով ուսանողներին, ընդգծեց, որ վկայագիրը միայն փաստաթուղթ չէ. այն բովանդակություն է, որը մասնագիտական գիտելիքներից ու հմտություններից զատ՝ նաև մարդկային շփումների մասին է փաստում:

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոս-համակարգող Հայկ Ալումյանը բարձր գնահատեց կատարած աշխատանքները:
«Այս տարի ավելի շատ ուսանողներ են ցանկություն հայտնել անդամագրվելու Իրավաբանական կլինիկային: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ավելի շատ քաղաքացիներ են դիմել կլինիկա, ինչը չափազանց կարևոր ցուցանիշ է: Սա նշանակում է, որ մենք ավելի ճանաչելի ենք դառնում հանրության շրջանում, և մեզ ավելի շատ են վստահում»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Խոսելով ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ընձեռած հնարավորություններից՝ կլինիկայի ուսանող Աստղիկ Դավեյանը ասաց. «Կլինիկա ընդունվելն իմ կյանքի ճիշտ որոշումներից էր: Այն հնարավորություն տվեց ոչ միայն օգնելու մարդկանց, այլև գտնելու նրանց, ում հետ կգծեմ իրավական պետության ապագան»:

Ի հավելումն՝ կլինիկայի ուսանող Անի Ղիմոյանը նշեց. «Բացի գիտելիքներից, հմտություններից, ընկերներից՝ կլինիկան ներդրել է մարդկանց անշահախնդրորեն օգնելու կարևոր սկզբունքը: Կցանկանամ, որ ուսանողները հենց այդ սկզբունքը գործնականում կիրառելու համար ընդունվեն կլինիկա»: