ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի աշխատակազմը և ուսանողները ս.թ. հոկտեմբերի 20-21-ին «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ Դիլիջան և Իջևան քաղաքների ավագ դպրոցներ:
Ծրագրի շրջանակում ուսանողները իրավական տարատեսակ թեմաներով ինտերակտիվ դասախոսություններ են ներկայացրել դպրոցականների և ուսուցչական կազմի համար: Դասախոսությունների համար ընտրվել են արդի իրավական և անչափահասների շրջանում հետաքրքրություն առաջացնող մի շարք թեմաներ: Մասնավորապես քննարկվել են անչափահասների հանցավորության հիմնախնդիրները, արդարադատության համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների իրավական կարգավիճակի պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր, որոնք ներկայում ավելի քան արդիական են դարձել:
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները աշակերտներին և ուսուցչական կազմին ծանոթացրել են նաև կլինիկայի գործունեությանը՝ անվճար իրավաբանական խորհրդատվությունների իրականացման կարգին, «Իրավունք բոլորի համար» ծրագրի կարևորությանն ու նշանակությանը, և պատասխանել են նրանց հետաքրքրող հարցերին:
ԵՊՀ իրավաբանական կլինիկան հատկապես կարևորում է «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում մարզային այցելությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս մայրաքաղաքից հեռու բնակվող դպրոցականներին ծանոթանալու իրավական բազմաթիվ հիմնախնդիրների, որոնք արդիական են, կարևոր ու իրենց պրակտիկ լուծումներն են ստանում մայրաքաղաքում գտնվող իրավապահ ու պետական մարմիններում։ Բացի դրանից՝ այն աշակերտները, որոնք իրավաբանությունն են ընտրել որպես ապագա մասնագիտություն, հնարավորություն են ստանում վերջնականապես կողմնորոշվելու և իրենց գիտակից ընտրությունը կատարելու։
Ինչ վերաբերում է կլինիկայի ուսանողներին, ապա նրանց համար «Իրավունք բոլորի համար» ծրագիրը իրավական գիտելիքները զարգացնելու և այդ գիտելիքը ուսումնառության ընթացքում կիրառելու գերազանց հնարավորություն է: Այն տրամադրում է մի շարք հմտություններ, որոնք անգնահատելի են իրավական կարիերայի համար՝ հնարավորություն տալով նախևառաջ զարգացնելու հրապարակային խոսքի հմտությունները և ձեռք բերելու վստահություն, ինչը շատ կարևոր է իրավաբանի մասնագիտական գործունեության մեջ:
Դպրոցական հանդիպումների ավարտին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի և մարզային դպրոցների ղեկավարության միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցությունը շարունակելու և հնարավորության դեպքում մարզային այցելությունները ավելի հաճախ իրականացնելու վերաբերյալ։ Կլինիկան պատրաստակամ է նաև հյուրընկալելու մարզային դպրոցների ուսուցչական կազմին և աշակերտներին՝ տեղում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Իրավաբանական կլինիկայի գործունեությանը ծանոթացնելու ու իրավատեղեկատվական դասախոսություններ կազմակերպելու համար։