ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) աջակցությամբ համալսարանում անցկացվեց «Համացանցը և քրեակատարողական հիմնարկները» թեմայով կլոր սեղան-քննարկումը՝ ուսումնասիրելու համացանցի կիրառման արդյունավետությունը դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացում, ինչպես նաև վերհանելու դրա կիրառման հնարավոր վտանգները։
Միջոցառման նպատակն էր օտարերկրյա գործընկերների հետ փորձի փոխանակմամբ դիտարկել արտասահմանյան քրեակատարողական հիմնարկներում համացանցի կիրառման առանձնահատկությունները և ուսումնասիրել ոլորտի նոր միտումները, ինչը կնպաստի ՀՀ քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացմանն ու ակադեմիական ոլորտում վերոնշյալ թեմաների նկատմամբ հետաքրքրության աճին։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի․գ․դ․, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, կարևորելով այսօրինակ քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև թեմայի արդիականությունը, նշեց․ «Տեխնիկայի զարգացման ժամանակաշրջանում այս հարցը քննարկման թեմա դարձնելն անհրաժեշտություն է։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դեռ շատ վաղուց ենք սկսել պրոբացիոն ծառայության համար մասնագետների՝ կրիմինոլոգների պատրաստման գործընթացը։ Հույս ունենք, որ իրավաբանների, սոցիոլոգների, հոգեբանների մասնակցությամբ կունենանք այն մագիստրոսական ծրագիրը, որն իր շրջանավարտների միջոցով դրական խթան կհանդիսանա ոլորտի կարգավորման համար»։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանավարտ Լիանա Մարուքյանը, ներկայացնելով իր գիտական հետազոտության համար ընտրած թեմայի կարևորությունը, ասաց, որ ուսումնասիությունն սկսել է դեռևս Յենայի Ֆրիդրիխ Շիլլեր համալսարանում (Գերմանիա), երբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից գործուղվել էր՝ գիտական հետազոտություն կատարելու և ուսանելու նպատակով․ «Այս թեմայի շուրջ կազմակերպված քննարկումը իմ գիտական հետազոտության շարունակությունն է։ Քննարկումը հնարավորություն կտա պարզելու, թե ինչպես կարելի է ակադեմիական ոլորտում ձեռք բերված հաջողությունները կիրառել գործնականում»։
Լիանա Մարուքյանը, խոսելով Հայաստանում գործող քրեակատարողական օրենսգրքից, ընդգծեց, որ տեղ գտած դրույթները սահմանափակում են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից հեռախոսի, համացանցի կիրառումը․ «Մեզ մոտ կարծրատիպեր կան, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ պետք է համացանցն արգելվի ՔԿՀ-ներում, բայց ուշագրավ է Գերմանիայի փորձը, թե ինչպես է համացանցն օգտագործվում՝ հօգուտ դատապարտյալների վերասոցիալականացման։ Հաջողված փորձ կա նաև Էստոնիայում, որտեղ անվտանգությունից ելնելով՝ դատապարտյալին միայն էկրան է տրամադրվում՝ առանց մկնիկի և ստեղնաշարի, որպեսզի այլ կայքէջերում որոնումներ չկատարի և ունենա միայն հեռավար տեսահաղորդակցությունների հնարավորություն»։
Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) դասախոս, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս Դանիել Լեպետիտը, խոսելով ժամանակակից աշխարհում համացանցի ունեցած դերից, նշեց․ «Աշխարհում կյանքն առանց համացանցի հնարավոր չէ պատկերացնել, բայց կան շատ քիչ ոլորտներ, որտեղ դեռևս չեն օգտվում համացանցից, ինչպես, օրինակ ՔԿՀ-ներում, սակայն այդ ոլորտներում ևս անխուսափելի չէ համացանցի ներդնումը։ Ես՝ որպես Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի ներկայացուցիչ, ուրախ եմ, որ կարողանում ենք այս կարևոր հարցը քննարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում»։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Լիանա Մարուքյանն ընդգծեց, որ եվրոպական երկրների ՔԿՀ-ներում ներդրված են համացանցի օգտագործման այնպիսի մոտեցումներ, որոնք ֆինանսական մեծ ծախսեր չեն պահանջում, և այդ տեսանկյունից ելնելով՝ արտասահմանյան փորձը կարող է հեշտորեն կիրառվել նաև հայաստանյան ՔԿՀ-ներում։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, որպես բանախոսներ հեռավար ձևաչափով հանդես եկան ոլորտի գերմանացի և վրացի մասնագետները, որոնց թվում էին Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի պրոֆեսոր Ֆլորիան Կնաուերը, գերմանացի դատավոր Լորենց Բոդեն, Բեռլինի սենատի արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ծրագրի ղեկավար Քրիստիան Ռեշկեն, Թյուրինգիայի երկրամասի կրիմինալոգիական ծառայության պետ Շտեֆան Գիբելը, Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Մորիս Շալիկաշվիլին։