ԵՊՀ թիմը կմասնակցի Վիեննայում կայանալիք միջազգային դատախաղին։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ֆինանսավորում է ԵՊՀ թիմի մասնակցությունը՝ որպես նախորդ տարվա արդյունքներով ամենաբարձր ցուցանիշը գրանցած թիմ։
AMCA-ն փետրվարի 10-ին հյուրընկալել էր «Vis Moot» միջազգային դատախաղի հայաստանյան թիմերին` փորձնական դատախաղ կազմակերպելու նպատակով։
Հայաստանից ներկայացված էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի թիմերը։ Ներկայում նշյալ երեք թիմերը Վրաստանում են, որտեղ մասնակցում են տարածաշրջանի մակարդակով կազմակերպված նախնական դատախաղին։ Այս փուլին արդեն կհաջորդի միջազգային համալսարանների թիմերի հետ դատախաղը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 22-28-ը Վիեննայում։
Դատախաղին մասնակցում են աշխարհի շուրջ 400 համալսարաններ, 4000 ուսանողներ և մոտ 2000 արբիտր։ Դատախաղերի առանձնահատկությունը փորձնական դատախաղերի կազմակերպումն է, որոնք, անցկացվելով տարբեր երկրներում, նպաստում են տվյալ երկրում արբիտրաժի զարգացմանը։
ԵՊՀ թիմի կազմում են Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Անահիտ Ալոյանը, Թամարա Ղազարյանը, Յուրիկ Յոլյանը, Էրիկ Մանուկյանը, իսկ մարզիչներն են ԵՊՀ ասպիրանտներ Մանե Մարկոսյանն ու Դավիթ Ղարիբյանը։
Այս տարի դատախաղի խնդրի նկատմամբ կիրառվում են Միջազգային առևտրային պալատի (International Chamber of Commerce) ընթացակարգային կանոնները: Հաշվի առնելով նշվածը՝ Պալատի հայկական կոմիտեն, ի դեմս կոմիտեի Արբիտրաժի հանձնաժողովի, հետևել է Հայաստանում ընկերական խաղերին և խոսնակներից ԵՊՀ ուսանող Էրիկ Մանուկյանին ցուցաբերած լավ խաղի համար շնորհել նվեր՝ կոմիտեին մեկ տարվա անդամակցության տեսքով, իսկ խոսնակներից ԵՊՀ ուսանող Անահիտ Ալոյանը ստացել է ամենաբարձր միավորները՝ բանավոր ներկայացուցչության համար:
Արդեն 31 տարի անընդմեջ կազմակերպվող «Vis Moot» դատախաղը արբիտրաժի և մասնավոր իրավունքի ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր դատախաղն է, որը համախմբում է մասնագիտական հանրույթին, ներգրավում ոլորտի իրավաբանների, հեղինակավոր պրոֆեսորների և ուսանողների։ Դատախաղի կազմակերպումը կարևորում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը՝ համարելով, որ այն ուղղված է Հայաստանում արբիտրաժի զարգացմանն ու տարածմանը։