Բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորման շնորհումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2015 թ. հուլիսի 3-ի N647-Ա/Ք հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի համաձայն, իսկ ուսուցումը կազմակերպվում է «Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման օրինակելի կարգի» պահանջներին համապատասխան:
Մանկավարժի որակավորում ստանալու համար կազմակերպվող դասընթացներին ուսանողները մասնակցում են կամավորության սկզբունքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված մասնագիտությունների ցանկի հիման վրա:
Մանկավարժական կրթաբլոկի կառուցվածքը և կազմակերպումը, ծրագրի վերջնարդյունքը
Մանկավարժական կրթաբլոկը ներառում է 6 մոդուլ՝ 4 բաղադրիչով՝
ա) կրթական (4 դասընթաց),
բ) հետազոտական (կուրսային աշխատանք),
գ) մանկավարժական պրակտիկա,
դ) ամփոփիչ ավարտական քննություն:
Մանկավարժի որակավորում ստանալու համար ուսանողները բակալավրիատի 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում պետք է գրանցվեն մանկավարժական կրթաբլոկի ծրագրում` ֆակուլտետի դեկանատ ներկայացնելով դիմում մինչև տվյալ ուսումնական տարվա ապրիլի 1-ը: Դիմում ներկայացրած ուսանողների հետ մեկ ամսվա ընթացքում կնքվում է պայմանագիր:
Մանկավարժական կրթաբլոկով ծրագրի ուսումնառությունը կազմակերպվում է 3-8-րդ կիսամյակներում (կրեդիտների քանակը՝ 30):
Մանկավարժական կրթաբլոկի դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով: Վճարումը կատարվում է յուրաքանչյուր կիսամյակ՝ տվյալ կիսամյակի կրեդիտների քանակին համապատասխան: Մեկ կրեդիտի արժեքը (ինքնարժեքի սկզբունքով) սահմանվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ռեկտորի հրամանով:
Մանկավարժական կրթաբլոկի մոդուլից անբավարար գնահատական ստանալը չի սահմանափակում ուսանողի՝ հիմնական մասնագիտության շրջանակում փոխատեղման մրցույթին մասնակցելու կամ ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում ստանալու իրավունքը:
Մանկավարժական կրթաբլոկի «Մանկավարժություն» առարկայի ամփոփիչ քննությունը չհանձնելու դեպքում ուսանողը ստանում է հիմնական մասնագիտության գծով դիպլոմ՝ առանց մանկավարժի որակավորման:
Երևանի պետական համալսարանի բակալավրիատի կրթական ծրագրի «240 կրեդիտ + 30 կրեդիտ» մանկավարժական դասընթացների կրթաբլոկով ուսումնառության ավարտին շնորհվում է երկու որակավորում՝ բակալավրի աստիճան՝ հիմնական մասնագիտության գծով, և մանկավարժի որակավորում:
Մանկավարժական կրթաբլոկի դասախոսական համակազմին առաջադրվող պահանջները
Մանկավարժական կրթաբլոկի տեսական դասընթացներն անցկացնողների 50%-ը պետք է ունենա պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչում, իսկ գործնական դասընթացները վարող մասնագետների գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակը պետք է համապատասխանի դասավանդվող դասընթացներին:
Մանկավարժական կրթաբլոկի դասախոսական կազմը պարտավոր է պարբերաբար անցնել որակավորման բարձրացման դասընթացներ՝ ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի կազմակերպման կանոնակարգին համապատասխան: