- Գլխավոր
- Կառուցվածք
- Գիտաուսումնական կենտրոններ
- Իրավաբանական կլինիկա
Իրավաբանական կլինիկա
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հիմնադրվել է 1999 թ. «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Այն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանում է, որը չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ:
Իրավաբանական կլինիկայում կամավորության սկզբունքով և հարցազրույցի հիման վրա ընդունված՝ բակալավրի 4-րդ կուրսում և մագիստրատուրայում սովորող ուսանողներն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում սոցիալապես անապահով անձանց, որոնք ի վիճակի չեն վճարելու իրավաբանական ծառայությունների համար:
Իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնական նպատակներն են՝
- ապահովել ուսանողներին պրակտիկ իրավաբանին անհրաժեշտ հիմնական գործնական գիտելիքներով և հմտություններով,
- աջակցել ուսանողներին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ձևավորման հարցում,
- նպաստել աշխատաշուկայում առավել որակյալ մասնագետների ներգրավվածությանը,
- իրավաբանական օգնություն տրամադրել հասարակության խոցելի խմբերին և սոցիալապես անապահով անձանց,
- նպաստել իրավաբան ուսանողների սոցիալիզացիային՝ ընդգրկելով նրանց իրավակիրառ պրակտիկայում և հասարակության մեջ ծագող իրավական խնդիրների լուծման գործընթացում,
- աջակցել իրավաբան ուսանողի` որպես մասնագետի և անհատի ձևավորմանը, այն է` իրավաբանի մասնագիտության դերն ու նշանակությունը ճիշտ պատկերացնելուն, ինչպես նաև մասնագիտական և անձնական վարքագծի բարոյական կողմերի կատարելագործմանն օժանդակելուն,
- նպաստել հասարակության կրտսեր խմբերի շրջանում իրավական գիտելիքների և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը։
Կլինիկայի՝ վերը նշված նպատակներն ունեն ուսուցողական և սոցիալ-բարեգործական բնույթ:
Իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնական ուղղություններն են․
- Քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, որի ընթացքում ուսանողները իրավաբանական կլինիկայի դասախոս-կոորդինատորների անմիջական հսկողության տակ ընդունում են իրավական խնդիրներ ունեցող անձանց և նրանց մատուցում անհրաժեշտ իրավական ծառայություններ: Մասնավորապես՝ ուսանողների միջոցով քաղաքացիները տեղեկանում են հասարակական տարաբնույթ հարաբերությունների արդի իրավական կարգավորմանը, դրանցում սեփական իրավունքներին ու պարտականություններին, իրավական վեճերի առկայության դեպքում՝ դրանց լուծման ուղիներին և վերջիններիս իրականացման ընթացակարգերին: Ըստ անհրաժեշտության ուսանողների ջանքերով կազմվում են իրավական տարբեր փաստաթղթեր (դիմում, հայցադիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գանգատ և այլն)՝ պետական, ոչ պետական մարմիններ և միջազգային կառույցներ ներկայացնելու համար:
- «Իրավունք բոլորի համար» ծրագրի իրականացումը, որի շրջանակում կազմակերպվում են իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ իրազեկմանն ու ծանոթացմանն ուղղված դասընթացներ` ուսուցման ակտիվ (ինտերակտիվ) մեթոդների կիրառմամբ։ Դասընթացների ընդհանուր նպատակը քաղաքացիական հասարակության և երիտասարդության միջև երկխոսության մեխանիզմի ստեղծումն ու երիտասարդության շրջանում իրավական գիտելիքների և իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է: Այս ուղղությամբ դասընթացները ներառում են Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար իրավունքի տարբեր թեմաներով բաց դասերի և սեմինարների կազմակերպում, դատախաղերի և դերախաղերի անցկացում, քննարկումների և բանավեճերի իրականացում:
Կլինիկան իր գործունեությունն իրականացնում է օրինականության, անկախության, գաղտնապահության, կամավորության, մարդասիրության և անհատուցելիության սկզբունքների հիման վրա:
Կլինիկան ղեկավարում է տնօրենը, որը պետք է ունենա առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Տնօրենին նշանակվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի որոշմամբ :
Կլինիկայի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է տնօրենի օգնականը, որն ունի իրավագիտության առնվազն բակալավրի որակավորում:
Դասախոս-կոորդինատորի թեկնածու կարող են լինել այն պրակտիկ իրավաբանները, որոնք ունեն իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու՝ օրենքով սահմանված կարգով ստացած արտոնագիր:
Ուսանողները կլինիկայի տնօրենի, տնօրենի օգնականի և դասախոս-կոորդինատորի ամենօրյա հսկողությամբ անձամբ կատարում են քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության և հնարավորության՝ իրականացնում դատական ներկայացուցչի լիազորություններ: Ուսանողն անձամբ է կատարում տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, իրավական խնդրի մանրազնին ուսումնասիրություն, գտնում է տվյալ խնդրի հնարավոր լուծումները, նախապատրաստում և իրականացնում խորհրդատվությունը: Դասախոս-կոորդինատորի հիմնական դերը ոչ թե խնդրի լուծումները գտնելն է, այլ ուսանողի հնարավոր սխալները բացառելն ու նրա գործողությունները կոորդինացնելը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան համագործակցում է ՀՀ պետական և ոչ պետական մի շարք մարմինների ու միջազգային կառույցների հետ։ Մասնավորապես սերտ համագործակցություն է ձևավորվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գործակալության և այլ կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունը միայն կլինիկա ուղղորդելով չի սահմանափակվում իրավական խնդիրներ ունեցող անձանց ԵՊՀ իրավաբանական, այլև նրանց հետ իրականացվում են մի շարք ծրագրեր։
Կոնտակտներ
Հեռ./ֆաքս՝ (+374 60) 710 241, 12-41 (ներքին)
Էլհասցե՝ legalclinic@ysu.am