Միջազգային համագործակցության վարչության մասին
Վարչության հիմնական խնդիրներն են.
- Երևանի պետական համալսարանում ուսման և գիտական աշխատանքների որակի ապահովումը,
- համալսարանի ներգրավումը համաշխարհային գիտակրթական գործընթացներում, պայմանագրերի կնքումը և առկա համագործակցության հետագա ընդլայնումը,
- համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների և գիտակրթական ցուցահանդեսների կազմակերպումը, գրականության փոխանակումը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմում ներառված են հետևյալ բաժինները՝ Միջազգային կապերի բաժին, Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժին, Դրամաշնորհների համակարգման բաժին:
Միջազգային կապերի բաժնի գործունեության հիմնական շրջանակներն են.
- ԵՊՀ ներգրավումը համաշխարհային գիտակրթական գործընթացներում, պայմանագրերի կնքումը և առկա համագործակցության հետագա ընդլայնումը,
- ԵՊՀ դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի կազմակերպումը, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումների, սեմինարների, աշխատանքային հանդիպումների կազմակերպումը,
- ԵՊՀ կանոնադրական նպատակներից բխող միջոցառումներին մասնակցելու նպատակով արտասահման մեկնող աշխատողների գործուղումների ձևակերպումը և արտասահման մեկնող սովորողների հրամանագրումը,
- ԵՊՀ ժամանող օտարերկրյա մասնագետների, հյուրերի և պատվիրակությունների հրավերների, անհրաժեշտ փաստաթղթերի և մուտքի արտոնագրերի ձևակերպումը (ըստ անհրաժեշտության) և նրանց ընդունելության կազմակերպումը:
Միջազգային կապերի բաժնի գործունեության շնորհիվ Երևանի պետական համալսարանը համագործակցության պայմանագրեր է կնքել շուրջ 50 երկրի ավելի քան 230 համալսարանների և գիտական կենտրոնների հետ։
Մենք շարունակում ենք արդյունավետ համագործակցել աշխարհի մի շարք հայտնի համալսարանների հետ՝ Արիզոնայի պետական համալսարան (ԱՄՆ), Ռոստոկի համալսարան, Տրիերի համալսարան, Հումբոլդտի համալսարան (Գերմանիա), Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարան (Ֆրանսիա), Ֆլորենցիայի համալսարան, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան (Իտալիա), Վարշավայի համալսարան (Լեհաստան)։
ԵՊՀ-ն այսօր լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում և Համալսարանների միջազգային ընկերակցության, Եվրոպական համալսարանների ընկերակցության, Եվրասիական համալսարանների ընկերակցության, Սևծովյան երկրների համալսարանների ցանցի ընկերակցության, Ռեկտորների ռուսաստանյան միության և Համալսարանների ղեկավարների միջազգային ընկերակցության լիիրավ անդամ է, ինչպես նաև Ֆրանկոն համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ:
Միջազգային կապերի բաժինը ղեկավարում է Մուրադ Նուրիջանյանը (էլհասցե՝ international@ysu.am):
Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի գործունեության հիմնական շրջանակներն են.
- օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կազմակերպումը մասնագիտական ֆակուլտետների 1-ին կուրսերում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, ինչպես նաև նախապատրաստական դասընթացներում,
- ուսման ընթացքում օտարերկրյա քաղաքացիների հետ ծագող հարցերի համակարգումը, այդ թվում՝ հեռացման, տարկետման, ժամկետների երկարաձգման, վերականգնման, տեղափոխման և այլ խնդիրների լուծումը,
- ուսումնառության ընթացքում կացության քարտերի ժամկետների գրանցումը և երկարաձգումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջոցով։
Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժինը աշխատանքներ է տանում ընդունելության դոնոր երկրների ցանկի ընդլայնման, օտարերկրյա դիմորդների հավաքագրման աճի ուղղությամբ։ Այդ նպատակով համալսարանի կայքէջում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների, կրթական և հասարակական այլ կազմակերպությունների միջոցով օտարերկրյա դիմորդների ուշադրությանն է ներկայացնում ԵՊՀ-ում օտարերկրյա ուսանողների ուսումնառության պայմանները, նրանց ուսումնառության ուղեցույցը, ինչպես նաև համալսարանի ու նրա կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական համառոտ նյութեր:
Օտարերկրյա քաղաքացիները ուսման նպատակով Երևանի պետական համալսարան են ընդունվել դեռևս 1926/1927 ուսումնական տարում, սակայն այդ գործընթացը առավել ակտիվացել է 1958/1959 ուսումնական տարվանից: Այդ ընթացքում (մինչև 30.08.2022) Երևանի պետական համալսարանում սովորել են 9216 օտարերկրյա քաղաքացիներ՝ 91 երկրներից (որոնցից 4795-ը` հայազգի ուսանողներ), 2511 ուսանողներ ստացել են բակալավրի և մագիստրոսական աստիճաններ, իսկ 242 օտարերկրացիներ պաշտպանել են թեկնածուական թեզեր:
Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժինն իր գործունեության ընթացքում աշխատանքներ է կատարել նաև հայկական բարեգործական, կրթական և այլ կառույցների հետ («Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական ծառայությունների բաժանմունք, ԱՄՆ-ի «Վարդանանց ասպետների միություն» և այլն)՝ ԵՊՀ երիտասարդ գիտնականների արտասահմանյան գործուղումների ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ԵՊՀ ուսանողներին միանվագ կրթաթոշակներ հատկացնելու ուղղություններով:
Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի աշխատանքները համակարգում է բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանը (էլհասցեներ՝ diaspora@ysu.am, foreignstudent@ysu.am):
Դրամաշնորհների համակարգման բաժնի հիմնական գործունեության շրջանակներն են.
- ԵՊՀ գիտակրթական հետաքրքրությունների համապատասխան` դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն,
- ԵՊՀ զարգացման հեռանկարային ուղղությունների վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվության վերլուծություն և կանոնակարգում,
- գիտական և կրթական գործող ծրագրերի համախմբում, ծրագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ապահովում ԵՊՀ ամբիոններին և ֆակուլտետներին ներկայացնելու նպատակով,
- համահամալսարանական ֆինանսավորման ներկայացված նախագծերի նախապատրաստում:
Վերջին տարիների ընթացքում Երևանի պետական համալսարանն ակտիվորեն մասնակցել է «Տեմպուս» ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի մշակմանն ու իրագործմանը:
Հաջողությամբ շարունակվել են «Տեմպուս», «Էրազմուս Մունդուս» դրամաշնորհային ծրագրերը:
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքվել են բազմաթիվ պայմանագրեր եվրոպական մի շարք համալսարանների հետ՝ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունությունը խթանելու նպատակով:
Այժմ ԵՊՀ ուսանողները և դասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման ծրագրերի՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առկա համագործակցության համաձայնագրերի հիման վրա:
Դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչն է Արսեն Ապրոյանը (էլհասցե՝ a.aproyan@ysu.am):
2011/2012 ուստարում «ALRAKIS» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում մեկնարկել է «Էրազմուս Մունդուս․ գործողություն 2. երրորդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գործընկերություն» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն էր ընդլայնել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները և աջակցել շարժունությանը ոչ ԵՄ անդամ պետություններից դեպի ԵՄ անդամ երկրներ:
2011 թվականից ԵՊՀ-ում «Տեմպուս» ծրագրի շրջանակում իրականացվել է «Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում համալսարան-ձեռնարկություն գործընկերությանն ուղղված վերապատրաստման հնարավորություններ» դրամաշնորհային ծրագիրը, որի հիմնական նպատակն էր ընդլայնել համալսարանների հնարավորությունները Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում` համաձայն հասարակության և շուկայական տնտեսության պահանջների, որոնք հիմնված են համապատասխան կրթության վրա:
ԵՊՀ մասնագետները, ինչպես նաև բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները մասնակցել են գիտական տարբեր միջոցառումների, սեմինարների, արտասահմանյան գիտակրթական ծրագրերի: Իրականացվել են նաև միջբուհական փոխանակման ծրագրեր: Միջազգային համագործակցության վարչությունն ապահովել է համալսարանականների արտասահման գործուղվելն ու գիտաուսումնական փոխանակումները: