17․11․2021
Սիրելի՛ ուսանողներ,
ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Ուսանողությունը յուրաքանչյուր պետության հենասյունն է, հուսալի ապագայի երաշխիքը։
Մեր երկրի առջև ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են որակյալ կրթություն, գիտական առաջադեմ միտք, կարգապահություն և տքնաջան աշխատանք: Որդեգրելով ուսանողակենտրոն ուսուցման փիլիսոփայությունը՝ Երևանի պետական համալսարանն իր պրոֆեսորադասախոսական կազմով ու բարեփոխումների նոր ծրագրով պատրաստ է ձեզ ապահովելու մրցունակ գիտելիքներով։
Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք ստեղծել արդի մարտահրավերներին արձագանքող, գիտությունը և նորարարությունները խթանող, միջազգային մակարդակում տեսանելի ու մրցունակ գիտահետազոտական կենսունակ միջավայր և կհաղթահարենք բոլոր դժվարությունները:
Սիրելի՛ ուսանողներ, եղե՛ք ստեղծագործ, համարձակ, լա՛վ սովորեք, օգտվե՛ք ձեզ ընձեռվող բոլոր հնարավորություններից ու իրականացրե՛ք ձեր երազանքները: