Տնտեսագետ, պրոֆեսոր
Ծնվել է 1899 թ. դեկտեմբերի 14-ին Վաղարշապատում: Սովորել է Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ Մոսկվայի համալսարանի տնտեսական իրավունքի ֆակուլտետում, ապա՝ ասպիրանտուրայում: 1920 թ. դարձել է կոմկուսի անդամ, մայիսյան ապստամբության օրերին բանտարկվել է:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եղել է Էջմիածնի գավառային հեղկոմի անդամ և քարտուղար, այնուհետև՝ Էջմիածնի բանգյուղտեսչության վարիչ: 1925 թ. տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, ապա՝ ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու ֆինանսական վերահսկողության պետ: 1927 թ. Մոսկվայում եղել է ԽՍՀՄ Ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու:
1928-ից աշխատել է ԵՊՀ-ում. սկզբում դասավանդել է ֆինանսական, ապա՝ տնտեսական քաղաքականության դասընթացներ, այնուհետև եղել է տնտեսական քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ: Դասավանդել է նաև հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտներում:
1935 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Դասախոսական աշխատանքին զուգընթաց եղել է Հայաստանի կենտգործկոմի և Երևանի քաղխորհրդի անդամ, ժողկոմխորհի անդամ և ֆինանսական հարցերի գծով խորհրդատու, լուսժողկոմատի կոլեգիայի անդամ ու գիտության բաժանմունքի վարիչ և այլն:
1935 թ. հուլիսից մինչև 1937 թ. հունվար եղել է ԵՊՀ ռեկտոր:
Հեղինակ է 16 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են տնտեսական քաղաքականության ու սոցիալիստական շինարարության հարցերին: Խմբագրել է Լենինի երկերի երրորդ հատորի հայերեն թարգմանությունը, ինչպես և տնտեսագիտական բուհական մի շարք դասագրքեր:
1937 թ. սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է հայաստանյան հակասովետական, աջ տրոցկիստական, ազգայնական կազմակերպության անդամ լինելու և սովետական իշխանության դեմ ակտիվ աշխատանք տանելու մեղադրանքով: 1939 թ. մայիսի 29-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:
Մահացել է 1941 թ. նոյեմբերի 3-ին աքսորավայրում:
1955 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով: