Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): Ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը: 1930 թ. ավարտելով ԵՊՀ բժշկական ֆակուլտետը՝ աշխատել է որպես կենսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել ԵԱԱԻ, այնուհետև՝ ավելի քան երկու տասնամյակ, ԵրԲԻ կենսաքիմիայի ամբիոնը:
1937 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1939 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1939 - 1941 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1942 - 1946 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր: Այդ ծանր տարիներին նա մեծապես աջակցել է Ալիխանյան եղբայրներին՝ 1942 թ. հիմնելու տիեզերական ճառագայթների հետազոտման լաբորատորիա ԵՊՀ-ում և կայան՝ Արագած լեռան վրա, որոնց հիմքի վրա 1943 թ. ստեղծվեց ֆիզիկայի ինստիտուտը:
1943 թ. հաստատվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և դարձել կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, այնուհետև՝ ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար, ապա՝ փոխնախագահ:
1943-ից ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժինը, իսկ 1961-ից մինչև կյանքի վերջը իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր: Նրա գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման գործընթացներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա: Նրա հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորելու նիկոտինամիդ դինուկլեոտիդի մասնակցությունն ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմա-կարագաթթվի դերը, պարզաբանելու այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմները, կատեխոլամինների ու ֆոսֆոլիպիդների կենսաքիմիական առանձնահատկությունները: Դրանցից շատեը դարձել են առանձին ուղղություններ:
Նա կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում:
Հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների: Եղել է կենսաքիմիայի ինստիտուտի լույս ընծայած «Ուղեղի կենսաքիմիայի հարցեր» գիտական ժողովածուների խմբագիրը: Մեծ ավանդ է ունեցել ՀԽՍՀ ԳԱ և ԽՍՀՄ ԳԱ «Նեյրոքիմիա» միջազգային հանդեսի ստեղծման գործում:
Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 50 և դոկտորական 16 ատենախոսություն:
Նրա նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են կենսաքիմիայի, հատկապես նեյրոքիմիայի հրատապ խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովներ: Զեկուցումներով հանդես է եկել արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոններում, ընտրվել Գերմանիայի բնախույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ:
1940 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով:
Վախճանվել է 1981 թ. մարտի 19-ին Թբիլիսիում, աճյունն ամփոփված է Երևանում:
1982 թ. նրա անունով է կոչվել ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը:
Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի պատին ամրացված է հուշատախտակ: