15․09․2023
Սիրելի՛ համալսարանականներ, հարգելի՛ հյուրեր,
ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորիդ մեր սիրելի համալսարանի գրկում, որտեղ այսօր հավաքվել ենք՝ տոնելու նոր ուսումնական տարվա սկիզբն ու բարի գալուստ մաղթելու մեր ջերմ ու մեծ ընտանիքի նոր անդամներին՝ մեր սիրելի առաջինկուրսեցիներին։
Այսօրվա հանդիսության խորագիրը՝ «ԵՊՀ 105-րդ բարևը», խորհրդանշում է Երևանի պետական համալսարանի մնայուն ժառանգությունն ու իր առաքելությունն իրագործելու հանձնառությունը: Այն նշանակում է ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբ, այլև ակադեմիական գերազանցության ու համալսարանական համայնքի բազմամյա ավանդույթ, որը հարստացել է ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում: Եվ այս «բարևը» պարզապես ողջույն չէ. այն հրավեր է դեպի բացահայտումների աշխարհ, դրական փոխակերպումների խոստում ու ձեր գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու պարտավորություն:
Սիրելի՛ համալսարանականներ, մեր բուհն ունի ուսումնական ու հետազոտական ավելի լավ և ոգեշնչող միջավայր ստեղծելու, մասնագիտական ու անձնական շարունակական աճի հնարավորություններ տրամադրելու պարտականություն: Եվ այս նոր ուսումնական տարում, հավատարիմ մնալով մեր որդեգրած արժեքներին ու սկզբունքներին, մենք շարունակելու ենք ընդլայնել ու բարելավել մեր կրթական ծրագրերը, խթանել հետազոտությունները, ինչպես նաև հաստատել ու զարգացնել համագործակցային կապեր՝ հնարավորություն տալով մեր համայնքի բոլոր ներկայացուցիչներին ուսումնասիրելու, բացահայտելու, ստեղծագործելու և ինքնադրսևորվելու:
Սիրելի՛ ուսանողներ, նոր ուսումնական տարում շարունակե՛ք որպես հնարավորություն ընդունել յուրաքանչյուր մարտահրավեր, օգտագործե՛ք ամեն պահը սովորելու և բացահայտելու բերկրանքը վայելելու համար և իմացե՛ք, որ ձեր ձգտումները, ձեր հաջողություններն ու ձեռքբերումները ոգեշնչում են մեզ:
Սիրելի՛ դասախոսներ, հետազոտողներ ու կրթության կազմակերպման բոլոր մասնակիցներ, իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեր նվիրումի, եռանդի ու կատարած աշխատանքի համար: Ես վստահ եմ, որ նոր ուսումնական տարում ձեզանից յուրաքանչյուրի խոսքն ու գործը, կատարած աշխատանքի հանդեպ տածած սերն ու նվիրումը նպաստելու են մեր բուհի զարգացմանը՝ է՛լ ավելի մոտեցնելով մեզ մեր երազած առաջընթացին։
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, կրկին շնորհավորում եմ ձեզ կյանքի այս կարևոր փուլի մեկնարկի ու համալսարանական դառնալու կապակցությամբ, որին հասել եք ձեր աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ։ Ակադեմիական ճանապարհորդության ձեր ուղին անցնելիս շարունակե՛ք ոգևորությամբ ու է՛լ ավելի մեծ խանդավառությամբ ձգտել դեպի գիտելիքը և հնարավորինս գեղեցիկ ու հաճելի դարձրե՛ք երազանքներին հասնելու ձեր ճանապարհը։
Հավատացե՛ք ինքներդ ձեզ․ դուք մեծ բարձունքների հասնելու և աշխարհն ավելի լավը դարձնելու հսկայական ներուժ ունեք, և համալսարանը հենց այն հարթակն է, որն օգնելու է ձեզ բացահայտել այդ ներուժը։ Եթե ձեր ճանապարհին դժվարություններ հանդիպեն, երբեք չհուսահատվե՛ք։ Իմացե՛ք, որ յուրաքանչյուր խոչընդոտ հնարավորություն է, իսկ յուրաքանչյուր ձախողում՝ փորձառություն, և շարունակե՛ք ձեր ճանապարհը վճռականությամբ ու հաստատակամությամբ։
Այս տարին մեզ համար նշանավորվել է ևս մեկ կարևոր իրադարձությամբ․ ԵՊՀ պատերի ներքո դիմավորել ենք ՍԹԵՄ դպրոցի մեր աշակերտներին, որոնք դարձել են ԵՊՀ-ականներ: Սիրելի՛ ՍԹԵՄ-ցիներ, վստահ եմ, որ դուք լավագույնս եք կրելու համալսարանականի կոչումը՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ ու հասնելով նորանոր բարձունքների։
Մեկ անգամ ևս բարև ու բարի գալուստ ԵՊՀ։ Թող այս ուսումնական տարին լեցուն լինի հնարավորություններով և հաջողություններով: Շնորհակալություն։