ԵՊՀ-Ն 100 ՏԱՐԵԿԱՆ Է. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ
26.09.2019

ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ հրապարակվել է ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, և իրականացվել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊՀ ղեկավարությունը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:
Արարատ Միրզոյանը ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ համալսարանի մի շարք աշխատակիցների հանձնեց պետական պարգևներ և կոչումներ՝ գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նախագահի հրամանագրով ԵՊՀ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր Վազգեն Սաֆարյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը՝ «Անանիա Շիրակացի» մեդալներով:
ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Հարությունյանին, Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Տարիել Ղոչիկյանին և Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանին շնորհվեց ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Գիտխորհրդի հանդիսավոր նիստի ավարտին համալսարանականներին շնորհվեցին ԵՊՀ ոսկե մեդալներ: