Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Պեդրո Դինիզը: Պրոֆեսորը ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում դասախոսություններ կկարդա կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների համար։
Այցի հիմնական նպատակն է վիրտուալ և հիբրիդային ուսուցման մեջ արտերկրի համալսարաններում կիրառվող կրթական նոր մեթոդների ներդրման հնարավորության քննարկումը պրոֆեսոր Դինիզի՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում IPODIA հեռավար ուսուցման փորձի (https://ipodia.usc.edu) և ՏՏԿՀ կենտրոնի՝ եվրոպական (Գերմանիայում Ռոստոկի համալսարան և եվրոպական այլ համալսարաններ) և իսրայելական համալսարանների հետ համագործակցության շրջանակում ունեցած ուսուցման փորձի փոխանակման հիման վրա, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի մշակումը: Կքննարկվի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բնագավառում համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունը՝ եվրոպական դրամաշնորհների դիմելու նախագծի մշակման համար։
Աշխատանքային այցի առաջին օրը Դինիզը հանդիպում ունեցավ ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի հետ: Նրանք քննարկեցին երկու համալսարաններում գործող կրթական ծրագրերը, գիտական հետազոտությունների ուղղությունները, համագործակցության հնարավոր ուղիները:
Առաջիկա օրերին կանցկացվի գիտական սեմինար, որի ընթացքում պրոֆեսոր Դինիզը կներկայացնի ճարտարագիտության ոլորտում գրանցած իր գիտական հաջողությունները։
Նախատեսվում են մասնագիտական քննարկումներ Տեղեկատվական համակարգերի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների՝ ամբիոնի վարիչ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի, ֆ․մ․գ․թ., դոցենտ Արմեն Կոստանյանի, ֆ․մ․գ․թ., դոցենտ Մանուկ Կոստանյանի, տ․գ․թ., ասիստենտ Արթուր Ավագյանի, տ․գ․դ., պրոֆեսոր Գուրգեն Հարությունյանի, ֆ.մ.գ.թ. Սևակ Սարգսյանի հետ:
Այցի շրջանակում պրոֆեսորը կհանդիպի ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
Խոսելով Հայաստանի և հայերի մասին՝ պրոֆեսոր Դինիզը նշեց․ «Ես միշտ ցանկացել եմ լինել Գալուստ Գյուլբենկյանի հայրենիքում, մի աշխարհահռչակ հայի, որը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում՝ պորտուգալացիներին թողնելով արվեստի յուրօրինակ հավաքածու՝ շուրջ 6000 բնօրինակներով»։
Պրոֆեսորը այցի շրջանակում հասցրել է ծանոթանալ նաև հայկական հարուստ մշակույթին։ Նա այցելել է Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր և ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը՝ Մատենադարան: