Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի առաջնային նպատակներից մեկն է ապահովել համագործակցությունը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ընդ որում՝ կարևոր է համագործակցությունը ոչ միայն ուսանողներին աշխատանքի ընդունվելու աջակցության, այլև ՏՏ ոլորտի կազմակեպությունների աշխատողների համար կենտրոնում վերապատրաստման դասսընթաց անցկացնելու առումով:
Երկար տարիներ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը համագործակցում է «Հայկական ծրագրեր» ընկերության հետ: Այժմ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ կենտրոնը 2023-2024 ուստարում «Օպերացիոն համակարգեր» խորագրով դասընթաց է կազմակերպել «Հայկական ծրագրեր» ընկերության աշխատակիցների համար: Համագործակցության նպատակն ընկերության աշխատակիցների վերապատրաստումն է, նոր գիտելիքների և հմտությունների հաղորդումը: «Օպերացիոն համակարգեր» դասընթացը կենտրոնի կրթական ծրագրերի առանցքային դասընթացներից մեկն է, որը դասավանդվում է ոլորտի առաջատարների՝ ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանի և տ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Հարությունյանի կողմից:
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթանում են այն տեխնոլոգիաներին և մեթոդներին, որոնք կիրառվում են օպերացիոն համակարգեր նախագծելիս և իրականացնելիս: Դասընթացի ավարտին մասնակիցները ունակ կլինեն կիրառելու օպերացիոն համակարգերի նախագծման և իրականացման հիմնահարցերը, ընտրելու խնդրի լուծման արդյունավետ ալգորիթմ, գնահատելու ալգորիթմի արդյունավետությունը և կատարման համար անհրաժեշտ ռեսուրսները, վերլուծելու առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման եղանակներ:
Դասընթացի ավարտին ուսանողներին տրվելու է հավաստագիր: