Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «ԲանՈՒԳործ» էքսպոն անցկացվում է մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման օրը: Այն երկու հիմնական բաղադրիչներից կազմված ցուցահանդես է․ կարիերայի տոնավաճառում ներկայացված են ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելով փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին: Կրթական տոնավաճառի նպատակը կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդներին ծանոթացնելն է ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին: Ցուցահանդեսի երկու բաղադրիչները կապվում են միմյանց՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մասնագիտություններին և ոլորտում տեղայնացվելու հնարավորություններին:
«ԲանՈւԳործ» էքսպոն հնարավորություն է ընձեռում նաև բարձրաձայնելու կրթական ոլորտում առկա խնդիրները, խոսելու հաջողությունների և ձեռքբերումների մասին, ստեղծելու մասնագիտական շփումների նորարարական հարթակ, խթանելու ներհամալսարանական և արտահամալսարանական գործակցությունները:
ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը ևս «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ունեցավ իր մասնակցությունը:

ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար, ֆ.մ.գ.դ․, պրոֆեսոր-էմիրիտուս Սամվել Շուքուրյանը ելույթով հանդես եկավ էքսպոյի բացման միջոցառմանը՝ ներկայացնելով Հայաստանի ժառանգությունը հաշվարկային գիտության և ճարտարապետության մեջ։ Այն ներկայացնում է Հայաստանում հաշվարկների գիտության և ճարտարագիտության՝ վաղուց հաստատված և նորաստեղծ ուղղությունների ու համապատասխան ձեռքբերումների համառոտ նկարագրությունը՝ թվարկելով նաև այն ոլորտները, որտեղ հայ մասնագետները արդեն ներգրավված են ժամանակակից միջազգային գիտահետազոտական և մշակման առաջնային աշխատանքներում կամ կարող են հեշտությամբ ներգրավվել դրանցում:

Ներկայացված ակնարկը և ձեռքբերումների գնահատումը հիմնականում արտացոլում են հեղինակի տեսլականը և չեն ենթադրում սպառիչ լինելը: Հիմնադրամների և ընկերությունների վերաբերյալ բոլոր տվյալները տրամադրված են նրանց ղեկավարության կողմից և բերված են այստեղ առանց փոփոխության:
ՏՏԿՀ կենտրոնի տաղավարը ներկայացավ կենտրոնի զարգացման մասին պատմող բուկլետով, կենտրոնի կրթական ծրագրերի, կառուցվածքի, դասընթացների, դասախոսների, ձեռքբերումների և շրջանավարտների հաջողությունների մասին պատմող տեսանյութով: Տաղավարում կազմակերպվեց նաև վիկտորինա, որի շրջանակում բոլոր ցանկացողները պատասխանում էին ՏՏ ոլորտի վերաբերյալ հարցերին․ անընդմեջ չորս ճիշտ պատասխան տված մասնակիցը ստանում էր մրցանակ: Վիկտորինայի ընթացքում գրանցվեց վեց հաղթանակ:
ՏՏԿՀ կենտրոնի տաղավարը ներկայացնելիս ակտիվ մասնակցություն ունեցան նաև ուսանողները:
