Հայտարարվում է ընդունելություն Երիտասարդ վերլուծաբանի դպրոցում Հայաստանի բուհերի բակալավրիատի ուսանողների և մագիստրոսների համար:
Նախատեսվում է դպրոցի շրջանակում ունենալ 15 ունկնդիր: Նախապատվությունը տրվելու է բարձր առաջադիմություն ունեցող և գիտահետազոտական աշխատանքներ կատարած ուսանողներին:
Դպրոցի ունկնդիրների համար վարպետության դասերն անցկացնելու են նշանավոր գիտնականներ և փորձագետներ, որոնց գիտական աշխատություններն ու փորձագիտական մշակումները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Վարպետության դասեր են անցկացնելու.
- Գևորգ Պողոսյան – սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ և Չինաստանի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ,
- Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտությոան դոկտոր, պրոֆեսոր, Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար,
- Աշոտ Թավադյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի ամբիոնի վարիչ,
- Ալեքսանդր Սաֆարյան – պրոֆեսոր, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների ասպետ, Աբայի միջազգային հիմնադրամի դափնեկիր:
Երիտասարդ վերլուծաբանի դպրոցում դասախոսություններով հանդես կգան եվրասիական ինտեգրացիոն տարածքի համալսարանների և փորձագիտական կենտրոնների նշանավոր մասնագետներ:
Դպրոցի նպատակն է վերլուծական և հետազոտական հատկանիշներով օժտել երիտասարդ հետազոտողներին և նրանց համար ստեղծել առավելագույն հնարավորություններ վերլուծական մեթոդներն ու հնարքներն իրենց մասնագիտական աշխատանքում ներդնելու համար: Դպրոցի մասնակիցներին հնարավորություն կտրվի գրելու վերլուծական հոդվածներ, որոնցից լավագույնները կհրապարակվեն ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի կայքէջում:
Դպրոցում ուսանելու ժամկետը երեք ամիս է: Դասընթացների ավարտին դպրոցի ունկնդիրներին կհանձնվեն հավաստագրեր:
Դպրոցի դասերը կսկսվեն ս.թ. նոյեմբերի 13-ից և կանցկացվեն շաբաթական մեկ անգամ: